Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մ. Գրիգորյան. «Ցեղասպանության մեկ դար» ֆիլմը ցույց կտա Ադրբեջանի կողմից Թուրքիայի ցեղասպան քաղաքականության ժառանգորդությունը
Ավարտին են մոտենում «Ցեղասպանության մեկ դար. Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի աշխատանքները, որն իրականացվում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի 25-րդ տարելիցին: «Panorama.am»-ի հետ զրույցում «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը պատմեց, որ այս ֆիլմը մի փոքր տարբերվում է նախորդ աշխատանքներից:
«Նախ՝ արդեն թվով վեցերորդ մեր այս ֆիլմի հիմքում ընկած են Բաքվից գաղթած փախստականների հետ հարցազրույցներ, որոնք նկարահանող խմբի կողմից արվել են այս տարվա մարտ ամսին ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, ձայնագրվել է շուրջ 50 հարցազրույց, սակայն ֆիլմում օգտագործվել է այդ վկայությունների մի մասը: Հարցազրույցներն ամբողջությամբ կհրատարակվեն գալիք տարվա առաջին կեսին լույս ընծայվելիք ժողովածուում:
Երկրորդ՝ որոշ դրվագներում օգտագործելու ենք գեղարվեստական դրվագներ, որոնք կվերարտադրեն Բաքվի հայերի հիշողությունները:
Բացի այդ, վկաների և տուժածների շուրթերով կփոխանցվեն Ադրբեջանում հայերի ջարդերի վերաբերյալ մինչ օրս անհայտ մանրամասներ, օրինակ՝ գերության դեպքերի մասին: Եվ, վերջապես, օգտագործվել են 1988-1990 թթ-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ արխիվային կադրեր, որոնք վերջերս ենք հայտնաբերել և նախկինում լայն հանրությանը հասանելի չեն եղել», - նշեց Մ. Գրիգորյանը:
Նրա խոսքերով, ֆիլմի հիմնական կոնցեպտուալ իմաստն ամփոփված է հենց վերնագրում՝ «Ցեղասպանության մեկ դար», որը խորհրդանշում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում արձանագրված դեպքերի և 90-ականներից մինչ օրս շարունակվող Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հետ կատարվածի միջև անխաթար կապը:
«Փորձել ենք ցույց տալ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների սարսափելի շղթան՝ որն իրականացվել է 100 տարի առաջ Թուրքիայի կողմից, այժմ էլ շարունակվում է Ադրբեջանի կողմից, սկսած Չարդախլուից ու Սումգայիթից՝ ընդհուպ մինչև Բուդապեշտում հայ սպայի սպանությունն ու վերջերս Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու սպանությունները:
Ֆիլմի հեղինակների հետ հանդիպումներում Բաքվի հայերի մեծ մասն հիշել է իր նախնիներին, ովքեր տուժել են Հայոց ցեղասպանության ժամանակ և ոչ միայն Թուրքիայի տարածքում, այլ` ավելի ուշ` 1918-1920 թթ-ին Ադրբեջանում: Նրանց հիշողության մեջ մնացել են ոչ միայն իրենց պապերի ու տատերի պատմությունները, այլև լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք վկայում են, օրինակ, Արևմտյան Հայաստանում իրենց նախնիներին պատկանող ունեցվածքի մասին», - նշեց Գևրիգորյանը:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թ-ի հունվարի 20-ին` միանգամից երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ ցուցադրություն է կազմակերպվելու նաև Միացյալ Նահանգներում: Նախատեսվում է ֆիլմը թարգմանել այլ լեզուներով ևս՝ մասնավորապես, արաբերեն, ֆրանսերեն և թուրքերեն:
Հիշեցնենք, «Սովորական Ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Նախագծի շրջանակներում ստեղծվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին հինգ լեզվով վավերագրական ֆիլմերի շարք, ստեղծվել է Karabakhrecords կայքը, ինչպես նաև հրատարակվել, վերահրատարակվել ու թարգմանվել են մի շարք գրքեր:
Կարդացեք նաև`
«Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ կյանքի կկոչվի լայնածավալ նախագիծ»
Մարինա Գրիգորյան. Նոր բացահայտումներ՝ սումգայիթյան ոճրագործության մասին (տեսանյութ)