Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ջեմալ փաշայի թոռ՝ գրող, լրագրող, «1915 թ. Հայոց ցեղասպանություն» գրքի հեղինակ Հասան Ջեմալի այցը Երևան հասարակական մեծ հնչեղություն ստացավ և նույնիսկ սկանդալների տեղիք տվեց: Շատերը արդեն իսկ վրդովված էին Ջեմալի այցով, իսկ Civilitas հիմնադրամի «Սարն ի վեր» նախագծի շրջանակներում Ջեմալի ելույթում հայ վրիժառուների հասցեին հնչած «ավազակախումբը» (թուրք.՝ çete) առավել վրդովվմունք առաջ բերեց:
Վերոհիշյալ գրքի հայերեն թարգմանության հեղինակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը դժգոհեց, որ թարգմանության մեջ տեղ էին գտել տեքստային փոփոխություններ, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել: Մի կողմ թողնելով այս խնդիրների շուրջ ծավալված քննարկումները, Panorama.am-ը զրուցեց թուրքագետ, «Եփրատ» հետազոտական կենտրոնի նախագահ Գևորգ Պետրոսյանի հետ՝ փորձելով հասկանալ Ջեմալի այցի նշանակությունը հայոց ցեղասպանության ճանաչման և հայ-թուրքական երկխոսության հարթակի ստեղծման հարցերում:
-Ինչպե՞ս եք գնահատում Հասան Ջեմալի այցը Երևան հայ-թուրքական երկխոսության կայացման հարցում:
-Ընդհանրապես երկխոսությունը պետք է կարևորել, բայց՝ կառուցողական երկխոսությունը, երբ երկու կողմերն էլ լսում են միմյանց կարծիքները և գիտեն, որ երկխոսության արդյունքում կարող են հասկանալ, թե կոնկրետ այս դեպքում պարոն Ջեմալը այս կամ այն խնդրի մեջ ինչ հստակ դիրքորոշում ունի: Իսկ դա շատ կարևոր է: Ինչո՞ւ: Որովհետև շատ թուրք մտավորականներ կան, որոնք ճանաչել են հայոց ցեղասպանությունը, բայց միևնույն ժամանակ, երբ անցնում ենք հաջորդ քայլին (դա արդեն փոխհատուցման փաստն է, տարածքային- նյութական հարցերը), այս հարցում արդեն սկսում են ավելի այլ մոտեցում ցուցաբերել և հրաժարվում են: Խիստ կարևոր է հասկանալ, թե հաջորդ քայլը ո՞րն է: Թուրքական կողմը, թուրքական մտավորականությունը, որը հանդես է գալիս հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, պատրա՞ստ է արդյոք փոխհատուցման: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է անցնել հաջորդ փուլին՝ ճանաչում-դատապարտումից անցնել փոխհատուցման:
-Փաստորեն, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում չե՞նք կարող լավատեսություն ցուցաբերել այդ հարցում՞
-Նախ, Թուրքիայում ցեղասպանության մասին խոսելու պատրաստ, ավելի ազատ մոտեցում ունենալուն պատրաստ մարդիկ, մտավորականները շատ փոքր տոկոս են կազմում: Դա ընդհանուր գործընթաց չէ, դա շատ փոքր առաջադեմ խմբի մտածմունք է: Եվ առավել ևս քիչ է այն զանգվածը, որը պատրաստ է, բացի ներողությունից, այլ քայլեր ևս կատարել՝ փոխհատուցման համար: Այնպես, որ այստեղ օղակը ավելի է սեղմվում, և շատ ավելի քիչ մարդիկ կան: Ասել, թե այսօր Թուրքիայում լուրջ գործընթաց է սկսել ճանաչման հարցում, այդքան էլ համաձայն չեմ: Առավել ևս, որ իշխանությունների մակարդակով այսօր ժխտողականությունը շարունակվում է: Այնպես որ, մեծ սպասումներ ունենալ, կարծում եմ, դեռ պետք չէ: Սակայն այն, որ պետք է աշխատել ցեղասպանությունը ճանաչող մարդկանց հետ, հասարակական խմբերի հետ, շատ կարևոր է: Իսկ մենք դրա պոտենցիալը ունենք: Եթե պետական ոլորտում կարող են դժվարություններ լինել, առնվազն հասարակական ոլորտում մենք կարող ենք որոշակի քայլեր կատարել և որոշակի արդյունքների հասնել:
-Հայ հասարակությունն այսօր պատրա՞ստ է թուրքական կողմի հետ երկխոսությանը:
-Երկխոսությունը երկու կողմերի միջև խոսքն է: Նայած, թե դիմացինդ ինչպես է պատրաստ խոսել, ինչի մասին և ինչու: Այնպես որ, երկու կողմն էլ, կարծում եմ, դեռ պատրաստ չեն: Առավելևս թուրքական կողմը, որն էլ պետք է երկխոսության նախաձեռնողը լինի, իսկ իր խոսքը՝ առավել կառուցողական:
Շեշտենք, որ Ջեմալ փաշան Հայոց ցեղասպանությունը ծրագրած և իրագործած գլխավոր երեք թուրք գործիչներից է, եղել է Օսմանյան կայսրության ծովային նախարարը, 1922 թվականի հուլսիսն սպանվել է հայ վրիժառուներ Արտաշես Գևորգյանի և Պետրոս Տեր-Պետրոսյանի կողմից:
Ֆոտոշարք`
Թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալիի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը