«Լրագրողների դեմ ճնշումներին ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»
Վերլուծություններ
14:22 12/12/2014

«Լրագրողների դեմ ճնշումներին ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»

«Բռնությունները լրագրողների նկատմամբ շարունակվում են, սակայն չեմ հիշում որևէ մի դեպք, երբ գործը գնա մինչև դատարան և ունենա տրամաբանական ավարտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան Արա Ղազարյանը:

«Շատերն ինձ հարցնում են՝ արդյոք մտնելով Մաքսային միություն՝ մենք փոխել ենք մեր քաղաքական կուրսը, և գուցե Եվրադատարան արդեն գոյություն չունի»,-ասաց իրավաբանը:

Քննարկմանը ներկա «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ ամփոփելով տարին՝ ասաց, որ տարվա վերջը շատ ավելի տխուր եղավ, քան սկիզբը. «Կան բռնություններ և դրանք միայն գրանցված բռնությունները չեն, հազարավոր դեպքեր կան, որոնք չեն բարձրաձայնվում: Լրագրողները փորձում են իրենք իրենց մեջ լուծել, սեփական ուժերով»:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ իրավաբան Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ 2014-ին գրանցվել է յոթ ֆիզիկական բռնության դեպք, նույն թիվը նաև գրանցվել է 2013-ին. «Բռնությունների թիվը չի պակասել և դա շատ մտահոգիչ է: Էլ ավելի մտահոգիչ է, որ լրագրողների դեմ ճնշումներին ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշեց, որ 2012-13 թվականները աննախադեպ էին ինտերնետային լրատվամիջոցների ավելացման քանակով և չկար համապատասխան լրագրողական քանակ, որը կսպասարկեր դրանց. «Լրատվական դաշտ էին մտնում մարդիկ, ովքեր կապ չունեին լրագրության հետ: Շատ կայքեր փակվեցին, բայց միջին կարգի չինովնիկներն էլ էին ցանկանում լրատվական կայք ունենալ: Ինչպես առաջ գրիլի ապարատ էին դնում, հիմա կայքեր են բացում, որոնք ոչ թե լրատվություն են տարածում, այլ քարոզչություն են տանում»:

Ըստ նրա՝ հիմա վիճակն ավելի կայուն է. «Նորմալ լրատվական կայքերն այսօր փորձում են նվազեցնել գրագողությունը, այդ առումով դրական շարժ կա»:

«Ցանկացած պաշտոնյա պետք է կոռեկտության շրջանակներում մնա և գործի իրեն վերապահված իրավասությունների շրջանակում»,-նշեց քննարկմանը մասնակցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը:

Սամվել Մարտիրոսյանն էլ վերջում տեղեկացրեց, որ հաջորդ տարի Հայաստանում կստեղծվի լոկալ ինտերնետի կառավարման ֆորում, որտեղ հնարավորություն կլինի քննարկել ու լուծել առցանց ոլորտի հետ առնչվող խնդիրները:

Placeholder
«Լրագրողների դեմ ճնշումներին ակտիվորեն մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները»