Չի բացառվում, որ այսօր Ռուսաստանից կան սպեկուլյատիվ գործարքներ. Թաթուլ Մանասերյանը` դոլարի արժեվորման մասին
Տնտեսություն
18:40 16/12/2014

Չի բացառվում, որ այսօր Ռուսաստանից կան սպեկուլյատիվ գործարքներ. Թաթուլ Մանասերյանը` դոլարի արժեվորման մասին

Վերջին շրջանում նկատվող փոխարժեքների տատանումները հարկ է գնահատել ոչ այնքան դրամի արժեզրկում, որքան դոլարի արժևորում և արտաքին այլ ազդակների փոխներգործություն` պայմանավորված մի շարք գործոններով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Կան գործոններ, որոնք արհեստականորեն ստեղծում են ոչնչով չհիմնավորված խուճապ: Դա մի կողմից վերաբերում է փոխարժեքի փոխանակման կետերին, որոշ բանկերին, որոնք դադարեցրել են դոլարի վաճառքը, ինչը, չեմ կարծում, թե հիմնավորված է»,- ասաց տնտեսագետը` անկնկալելով, որ կարճ ժամանակահատվածում ՀՀ կենտրոնական բանկը իր դրամավարկային քաղաքականությամբ կփորձի կայունացնել իրավիճակը:

Նա նաև չբացառեց, որ այսօր Ռուսաստանից կան սպեկուլյատիվ գործարքներ, քանի որ Հայաստանում դոլարը ավելի նպաստավոր գներով կարելի է գնել:

«Չի բացառվում, որ ռուսական կապիտալը հետաքրքրված լինի հայկական շուկայից դոլարի դուրս բերմամբ, որը իր հերթին ավելացնում է դոլարի դեֆեցիտը մեր երկրում: Նման սուբյեկտիվ գործոնը փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, բնականաբար, որոշակի ռիսկեր իր մեջ պարունակում է »,- ասաց տնտեսագետը:

Թ.Մանասերյանը գտնում է, որ իրավիճակի կայունացման համար է Կենտրոնական բանկը պետք է էլ ավելի ուժեղացնի վերահսկողությունը:

«Կարծում եմ, որ ԿԲ-ն այս հարցում աչալուրջ է և բավականին հավասարակշռված քաղաքականություն է վարում: Նաև պետք է հաշվի առնենք, որ սա ստանդարտ իրավիճակ չէ և միայն ԿԲ-ից կախված չէ: Այդուհանդերձ, ամեն ինչ վերահսկելի է և, եթե լինեն չարաշահումներ, ապա և տնտեսության, և ֆինանսաբանկային շահերից ելնելով ԿԲ-ն կպատժի սպեկուլյատիվ գործողություններ իրականացնողներին, որոնք հսկայական վնասներ են հասցնում տնտեսությանը: Չպետք է մոռանալ, որ այսօր կաթվածահար են եղել խանութներ, առևտրի կետեր և այլն»,- ասաց Թ.Մանասերյանը:

Տնտեսագետի խոսքերով` սա ահազանգ է բոլորի համար, բայց որպես սպառող` խոստովանեց, որ ինքը երբեք խուճապի չի մատնվում և այս պահին էլ ուզում է հավատալ, որ կարվի հնարավոր ամեն ինչ:

Անդրադառնալով իրավիճակի կայունացմանը, Թ.Մանասերյանը նշեց, որ դա կախված է բազմաթիվ գործոններից:

«Պետական կառույցները պարզապես պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի հնարավորինս արագ կանխեն այս ամենը: Իհարկե չպետք է մոռանանք արտաքին գործոնների մասին, որոնք մեծ դերակատարություն ունեն: Մենք ներքին տնտեսությունում լուրջ պատճառներ չենք տեսնում, դա ավելի շատ հրահրված է դրսից»,- ընդգծեց տնտեսագետը:

Placeholder
Չի բացառվում, որ այսօր Ռուսաստանից կան սպեկուլյատիվ գործարքներ. Թաթուլ Մանասերյանը` դոլարի արժեվորման մասին