Թանկացումների մրցավազք. Պատասխանատուները լռում են
Վերլուծություններ
10:51 17/12/2014

Թանկացումների մրցավազք. Պատասխանատուները լռում են

Դոլարի վաճառքի գինը մայրաքաղաքի փոխանակման կետերում երեկ ուշ երեկոյան հասավ 600 դրամի: Այսօր առավոտյան «Երևան սիթի»-ում գորոծղ փոխանկման կետերում առքի գինը 530 էր, վաճառքինը՝ 580 դրամ: Բանկերն առքի գին են սահմանել 525-548 դրամ, իսկ վաճառքի՝ 535-555 դրամ:

Դրամի արժեզրկումը լուրջ խուճապ է առաջացրել գործարարների, խանութպաների շրջանում: Նրանք լուրջ անհանգստության մեջ են՝ փորձելով հասկանալ գլխների գալիքը: Երեկ Panorama.am-ի հետ զրույցում Վանաձորում շինանյութի խանութ ունեցող անհատ ձեռնարկատերն ասաց, որ վարկեր է վերցրել դոլարով, բիզնեսն ընդլայնելու համար, հայտնվել է անորոշ վիճակում:

«Չեմ ասում իջնի, գոնե կայունանա, հասկանանք ի՞նչ է գալիս գլխներիս»,-ասաց ձեռնարկատերը:

«Տեսնես որքա՞ն մարդ է վնասվում` դոլարային վարկ ունենալով ...Ոստիկանությանն առաջարկում եմ ուժեղացված հերթապահություն սահմանել կամուրջների մոտ ... »,-ֆեյսբուքում նման առաջարկությամբ է հանդես եկել օգտատեր Արթուր Եղիազարյանը:

Էջմիածնից երեկ ուշ երեկոյան Panorama.am-ը ահազանգ ստացավ, որ օրվա երկրորդ կեսին քաղաքում գործող սուպերմարկետները՝ Նոր դար, Սևակ և այլն, հաճախորդների առաջ փակել են դռները: Հետաքրքրվող քաղաքացիներին ասել են, թե չեն կողմնորոշվում ստեղծված իրավիճակում ինչպես վարվեն, ինչ գնով ապրանք վաճառեն: 

Էջմիածնում գործող բանկերում ևս խուճապային տրամադրություններ են եղել: Բազմաթիվ մարդկանց բանկերը հրաժարվել են վարկեր տրամադրել:

Մայրաքաղաքում փակ խանութների մասին տեղեկություններ չկան, սակայն այստեղ լույսի արագությամբ բարձրանում են ապրանքների գները: Անցախ ուրբաթ օրը «Վեգա» խանութից կազմակերպությունը հեռուստացույց գնելու համար գնային առաջարկ է խնդրել, ստացել է մեկ հեռուստացույցի գինը 129 հազար դրամ, արդեն երկուշաբթի պարզել է, որ այն հասել է 139 հազար դրամի, երեքշաբթի՝ փոխանցումը կատարելու պահին 149 հազար դրամի:

Երկու օր առաջ մեկ կգ պնդուկը 6500 դրամով գնած քաղաքացին հաջորդ օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող նույն մթերային խանութը մտնելիս հայտնաբերել է, որ պնդուկը մի գիշերում թանկացել է 1000 դրամով:
Ցանկը կարելի է շարունակել…

Աղաղակող այս թանկացումների մասին որևէ հայտարարությամբ դեռ հանդես չի եկել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը: Դրամի՝ ժամ առ ժամ արժեզրկման մասին լռում է նաև Կենտրոնական բանկը:

«Իրականում այս հանցագործության հետևում կանգնած են բանկերն ու ԿԲ-ն, որոնք հրաման են տվել 100 դոլարից ավելի ոչ մեկին չվաճառել։ Վաճառելու դեպքում աշխատակցին հեռացնում են աշխատանքից։ Այսինքն բանկերը դոլարի արհեստական դեֆիցիտ են ստեղծում այն շուկայից հավաքելով։ Որի հետևանքով սկսել է ծաղկել արտարժույթի սև շուկան, ինչը փաստացի վերացել էր դեռ 90-ականների վերջերից։ Հենց այս պահին ՍԱՍ-ի փոխանակման կետում դոլարն արժե 560 դրամ, իսկ մի քիչ ներքև Տաշիրի մոտ սև շուկայում ` 600 դրամ։ Ինչ որ մեկը էս երկրում ՊԱՏԱՍԽԱՆ տալու է այս բարդակի համար։ Թե ոչ մեկի տանձին չի՞։ Հո թուրք չեք արա, մի բան ձեռնարկեք, մեղք ա էս ժողովուրդը»,-ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նախորդող հրապարակում՝
Բագրտյանը՝ դոլարի արժևորումը կանխելու մասին

Placeholder
Թանկացումների մրցավազք. Պատասխանատուները լռում են