Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում ստուգումներ են իրականացվում
Վերլուծություններ
11:16 19/12/2014

Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում ստուգումներ են իրականացվում

 ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից մանկապարտեզում նոյեմբերի 26-ին առկա սննդամթերքից վերցված նմուշները (կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս) ենթարկվել են լաբորատոր փորձաքննության:

 
Ծառայությունից հայտնեցին, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
 
ՀՀ վարչապետի թույլտվությամբ, Ծառայության պետի հրամանով այս պահին իրականացվում են ստուգումներ մանկապարտեզում և մատակարար ընկերություններում:
 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին թունավորման մասին ահազանգից հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):
 
Ավելի վաղ Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին, 400 անձից վերցվել են կղանքի ու մեզի անալիզներ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնեցին, որ ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները եղել էին մանկապատեզում, կատարել նմուշառում մանկապարտեզում առկա սննդամթերքից. կարագ, պանիր, ձու, հավի միս, տոմատի մածուկ, խտացրած կաթ, տավարի միս: Այս սննդատեսակները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել ՍԱՊԾ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ում: Պարզվել է, որ կարագի, պանրի, ձվի, հավի և տավարի մսի անվտանգության ցուցանիշներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, իսկ տոմատի մածուկի և խտացված կաթի լաբորատոր փորձաքննությունները ընթացքի մեջ են:
 
Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
 
Պարզվել է, որ մատակարարները Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարծ նույն սննդամթերքից մատակարարել են նաև այլ մանկապարտեզներ («Հայկազունք» ՍՊԸ-ն՝ Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներ, «Հակ-Մակ» ՍՊԸ-ն՝ Դարակերտի, Նորաբացի, Փարաքարի, Թաիրովի, Նոր Հաճնի մանկապարտեզներ, «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ն՝ Նոր Գեղիի մանկապարտեզ): Սակայն, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից բացի, վերոնշյալ մանկապարտեզներում թունավորման դեպք չի արձանագրվել: Տրվել են կասեցման կարգադրագրեր բոլոր ընկերություններին՝ մանկապարտեզներ սննդամթերք չմատակարարելու վերաբերյալ:
Placeholder
Եղվարդի թիվ մեկ մանկապարտեզում ստուգումներ են իրականացվում