Իրանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ զորավարժություն անցկացնել
Քաղաքական
14:53 19/12/2014

Իրանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ զորավարժություն անցկացնել

«Իրանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ զորավարժություն անցկացնել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
 
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի բանակի ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերը դեկտեմբերի 25-31-ը նախատեսում են լայնածավալ համատեղ զորավարժություն անցկացնել:
 
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ Աբդոլռահիմ Մուսավին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ նախատեսվող զորավարժությունն ընդգրկելու է շուրջ 2 միլիոն 200 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ընդգրկելով Հնդկական օվկիանոսից մինչև Հորմոզի նեղուց ընկած տարածքները, ինչպես նաև Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջեստան և Հորմոզգան նահանգները:
 
Գեներալ Մուսավիի խոսքով՝ զորավարժությանը կփորձարկվեն նոր զենքեր, ինչպես նաև կկիրառվի նոր մարտավարություն՝ հավելելով, որ զորավարժության որոշ մանրամասներ չեն լուսաբանվի:
 
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբօլլահ Սայյարին տեղեկացրել է, որ նախատեսվող զորավարժությանը կմասնակցեն ափից ծով, ծովի մակերևույթից մակերևույթ, ցամաքից օդ, օդից ծովի մակերևույթ թռչող հրթիռներ:
 
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի «Խաթեմօլանբիա» զորակայանի հրամանատար Ամիր Ֆարզադ Էսմայիլին էլ հայտարարել է, որ Իրանի ԶՈւ ՀՕՊ համակարգերը վերահսկում են արտատարածաշրջանային բոլոր թռիչքները: 
 
Հիշեցնենք, որ օրերս գեներալ Էսմայիլին Մաշհադի համալսարանում ունեցած ելույթի ընթացքում, նշել էր. «Մի քանի շաբաթ առաջ Իրանի օդային սահմանին «U 2» մոդելի հետախուզական ինքնաթիռ է հայտնաբերվել: Այն բանից հետո, երբ մեր հրթիռային համակարգերը սկսել են գործել և նախազգուշացում տվել, այդ հետախուզական ինքնաթիռը ստիպված հետ է վերադարձել»:
Placeholder
Իրանի զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ զորավարժություն անցկացնել