Նոր բնակարաններ՝ սպաներին
Հասարակություն
20:08 19/12/2014

Նոր բնակարաններ՝ սպաներին

 Այսօր Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման է հանձնվել պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա է եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորել է սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա իր ջերմ անկյունը, որպեսզի կարողանա բարեխղճորեն շարունակել ծառայությունը: Նախարարը փաստել է, որ առաջիկայում Տավուշի մարզում ևս 50 ընտանիք կապահովվի բնակարաններով:

Այնուհետև պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի զինանձնակազմի և տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թ. աշխատանքներն ու քննարկվել հետագա անելիքները:

Սեյրան Օհանյանն արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է նաև մարտական հենակետեր: Նրանք ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական վիճակին, ինչպես նաև հետաքրքրվել նրանց առօրյայով ու կենցաղային պայմաններով:

Տավուշի մարզում շրջայցը եզրափակվել է ռազմական ոստիկանության զորամասերից մեկում, որտեղ նախարարները մասնակցել են 3-րդ կայազորային կարգապահական վաշտի բացման արարողությանը:

Placeholder
Նոր բնակարաններ՝ սպաներին