2014 թվականը կրթական նոր նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր. Աշոտյան
Կրթություն, գիտություն
12:28 20/12/2014

2014 թվականը կրթական նոր նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր. Աշոտյան

«2014 թվականը կրթական նոր նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր, որն ուղեկցվում էր հին խնդիրներով»,-այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 
 
Ներկայացնելով այս տարվա կարևորագույն ծրագրերը, նախարարն առանձնացրեց դրանցից հինգը: Առաջինը վերաբերում է   ուսանողների սոցիալական աջակցության աննախադեպ փաթեթին, որի շնորհիվ 2000 ուսանող պետության կողմից ֆինանսավորվող ծրագրից սոցիալական օգնություն է ստացել:
 
Երկրորդը՝  նորարարական մրցակցային հիմնադրամների ներդրման ծրագիրն է, որի շրջանակներում 10 բարձրագույն ուսումնական հաստատություն 3.7 մլն ԱՄՆ  դոլար է ստացել նոր  կրթական ծրագրերի համար: 
 
Երրորդ ձեռքբերումը, ըստ նախարարի, կրթության գերազանցության ազգային ծրագրի մեկնարկն է, որը իրենից ենթադրում է երկարաժամկետ գործողություններ: 
 
Չորրորդ կարևոր ծրագիրը, ըստ Ա.Աշոտյանի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրումն է, որով հայտ են ներկայացրել անցնելու տոտալ ներառական կրթության: Ըստ նախարարի՝  սա լուրջ ձեռքբերում է, քանի որ այն շատ հավակնոտ օրենք է և կրթությունը դարձնում է մատչելի բոլոր երեխաների համար՝ անկախ իրենց ֆիզիկական կարողություններից: Ի դեպ, նախարարը նշեց, որ Հայաստանի ներառական դպրոցների թիվն այս տարի ավելացել է ևս 12-ով` հասնելով 139-ի: 
 
«Իսկ վերջին ձեռքբերումը համարում եմ միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտների հաղթանակները: Մեր նվաճումների «գոհարը» աշակերտական միջազգային օլիմպիադաների արդյունքն է, երբ Հայաստանի աշակերտական խմբերը հայրենիք վերադարձան 19 օլիմպիական մեդալով: Ցուցանիշ, որին մենք երբեք չէինք հավակնում այս տարիներին»,- ասաց Արմեն Աշոտյանը: 
 
ԿԳ նախարարը նշեց, որ այս տարի ամբողջությամբ ավարտվել է նաև «Շախմատ» առարկայի եռամյա ծրագրի ներդրումը. «Հաշվի առնելով հետաքրքրությունն առարկայի նկատմամբ` հինգերորդ դասարանից սկսած թույլ ենք տվել դպրոցներում գործել արտադասարանային խմբակներ»:
  
Անդրադառնալով նաև հանրակրթական դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի  պիլոտային ծրագրին, որը փորձարկվել է 12 դպրոցներում, Ա.Աշոտյանն ասաց, որ այն տեսանելի ապագայում պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար:
 
Նշվեց նաև, որ նախարարությունն ուշադրություն է դարձրել նաև ուսումնարաններին և քոլեջներին` անվճար տեղեր տրամադրելով ուսանողներին:
 
Արմեն Աշոտյանը չշրջանցեց նաև կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերի թեման. «Պետք է շեշտել, որ կոռուպցիան համակարգում վերացված չէ, այն նահանջել է և կոռումպացված ոլորտների առաջին եռյակում չէ: Սա մեզ չի գոհացնում, բայց պետք է աշխատել այս ուղղությամբ»:
 
Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում դասագրքերի թեմային, կրթության նախարարն ասաց, թե դպրոցական դասագրքերի որակը բարձրացել է, բայց դրանց բարդության աստիճանը դեռևս շարունակում է խնդիր մնալ, քանի որ դրանք մատչելի չեն տվյալ տարիքի երեխաների համար: Նախարարի համոզմամբ՝ լուծումներից մեկն այն կլինի, որ որոշ ժամանակ դասագրքերը ներմուծվեն այլ երկրներից:
 
Խոսելով  2015 թվականին կրթական ոլորտում սպասվող բարեփոխումների մասին, Ա.Աշոտյանն ասաց, որ ամենագլխավորը նոր մասնագիտությունների ցանկը հաստատելու որոշումն էր, քանի որ տարիներ շարունակ հայաստանյան բուհերում հետխորհրդային մասնագիտությունների ցանկ է գործում, իսկ այդ մասնագիտությունները ոչ միայն պահանջարկ չեն վայելում միջազգային բուհերում, այլ նույնիսկ չկան այդ բուհերում. «Ուստի հաջորդ տարվանից սկսած ՀՀ բուհերը պարտավոր կլինեն ներդնել տվյալ մասնագիտություններով կրթական ծրագրեր»:

 

Placeholder
2014 թվականը կրթական նոր նախաձեռնությունների, կրթության մատչելիության բարձրացման տարի էր. Աշոտյան