Թուրք պրոֆեսորն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման կարևորությանը
Տնտեսություն
12:12 20/12/2014

Թուրք պրոֆեսորն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման կարևորությանը

Տնտեսագիտության պրոֆեսոր, Անկարայի համալսարանի դասախոս Օնուր Օզսոյը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բացակայությանը, փակ սահմանին ու դրա առաջացրած հետևանքներին: «Ermenihaber.am» լրատվականը գրում է, որ Օզսոյն այդ թեմայով հոդված է հրապարակել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականում:

Օզսոյն առաջ է քաշում այն միքտը, որ հայ-թուրքական սահմանի փակ մնալը սոցիալապես, տնտեսապես ու քաղաքականապես բացասական ազդեցություն է ունենում ինչպես այդ երկու երկրների, այնպես էլ նրանց տարածաշրջանային հարևանների վրա:
 
Հեղինակը հիշեցնում է, որ հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան 1993 թվականին որպես զորակցություն Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմում: Մինչև այդ Թուրքիան Հայաստանի հետ հաղորդակցվելու երկու սահմանակետ ուներ. 
 
1. Աթքայա – Կարս – Գյուլրի (երկաթուղի)
2. Ալիջան - Իգդիր - Մարգարա
 
Ներկայիս պայմաններում, երբ այլևս չեն գործում նշյալ սահմանային անցակետերը, Հայաստանի ու Թուրքիայի միջև արտահանման և ներմուծման գործողությունները կատարվում են մեծ մասամբ Իրանի, փոքր մասամբ Վրաստանի միջոցով: Օզսոյը նշում է, որ Իրանից ներկրված ապրանքների անորակության պատճառով Հայաստանում առավելապես նախապատվությունը տալիս են թուրքական ծագման ապրանքներին:
 
«2011-ի տվյալների համաձայն` Թուրքիայից Հայաստան կատարված արտահանումը կազմել է մոտավորապես 250 մլն դոլար: Իսկ Հայաստանից Թուրքիա ներկրված ապրանքներն ընդհանուր առմամբ կազմել են 1 մլն դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալներում Թուրքիայի մասնաբաժինը կազմում է ընդամենը 5 տոկոս»,- գրում է թուրք պրոֆեսորը և ենթադրաբար կարծում, որ սահմանի բացման դեպքում երկու երկրներն էլ կշահեն իրենց մեծացող առևտրաշրջանառությունից:
 
Հոդվածագիրը նկատել է տալիս նաև այն հանգամանքը, որ Հայաստանն այժմ արտաքին աշխարհի հետ կապվելու սոսկ 2 ցամաքային ճանապարհ ունի` վրացական ու իրանական: Այդ իսկ պատճառով էլ բեռնափոխադրումների ծախսատարությունը շատ է, հետևաբար և ներմուծվող ապրանքների գները` բարձր: Իսկ ահա եթե բացվի հայ-թուրքական սահմանը, ապա կկրճատվեն բեռնափոխադրումների ճանապարհն ու ժամանակը, իսկ ներմուծվող ապրանքների գներն էլ արդեն ցածր կլինեն: Բացի դրանից Սև և Միջերկրական ծովերի նավահանգիստներից օգտվելու շնորհիվ Հայաստանը կկարողանա զգալիորեն բարձրացնել իր արտահանման պոտենցիալն ու ծավալները: Ըստ Օզսոյի` դա կնպաստի նաև արտերկրյա ներդրումների հոսքը դեպի տարածաշրջան, կկազմվեն և կյանքի կկոչվեն համատեղ առևտրատնտեսական ծրագրեր ու ավելի կբարելավվի միջավայրը գործարարության համար:
 
Թուրք պրոֆեսորը ընդգծում է, որ սահմանի բացումը դրական մեծ նշանակություն կարող է ունենալ նաև Անկարայի քաղաքական ու տնտեսական շահերի համար: Նախ երկրի տնտեսապես թերզարգացած արևելյան շրջանները կաշխուժանան սահմանակից Հայաստանի հետ առևտրային շփումներով, տեղի կունենա «տնտեսական վերակենդանցում»: Բացի դրանից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կուժեղացնի Թուրքիայի դիրքերը միջազգային քաղաքականությունում, կդյուրինացնի Եվրամիության անդամակցության գործընթացը, կամրապնդի Թուրքիայի ստատուսը` որպես տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ապահովող երկիր:
 
«Պատմությունը նորից գրել հնարավոր չէ, բայց ցանկալի ապագա ստեղծելը միշտ էլ տարածաշրջանի երկրերի ձեռքում է»,- եզրափակում է Օնուր Օզսոյը:
Placeholder
Թուրք պրոֆեսորն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման կարևորությանը