Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը երկար տարիներ ձգձգելու ճանապարհով փողեր է լվանում
Քաղաքական
14:44 24/12/2014

Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը երկար տարիներ ձգձգելու ճանապարհով փողեր է լվանում

Թուրքիայի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության Կարսի տարածաշրջանային ճյուղի ներկայացուցիչ Յավեր Օզջավան հրապարակել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթագծի շահագործումը  հետաձգելու մասին աղմկահարույց մանրամասներ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագըն.ազ» լրատվական պորտալը: 
 
Ինչպես նշվում է նյութում,  Օզջավանի խոսքերով՝ 2008-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթագիծը հայտարարվել էր որպես «դարի նախագիծ»:  Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի խոսքերով՝ մինչև օրս նախագծի իրականացված չլինելու պատճառները պետք է փնտրել Թուրքիայի հետապնդած քաղաքական շահերում:
 
Քաղաքական գործիչը նշել է, որ  արդեն վեց տարի է, ինչ անհասկանալի պատճառներով չեն կարողանում երկաթագծի 79 կմ երկարությամբ հատվածի կառուցումն ավարտին հասցնել:

«Այստեղ անում են ամեն ինչ, որպեսզի ձգձգեն շինարարության ժամկետները:  Փորում, բացում են թունելները, սակայն մի քանի օր անց անհասկանալի պատճառներով նորից փակում են դրանք: Մի քանի անգամ փոխել են կապալառու ընկերություններին, ինչպես նաև երթուղին»,-հավաստիացրել է նա: 
 
Նրա խոսքերով՝  երկաթագծի թուրքական հատվածի շինարարության կապալառու ընկերությունն ակտիվ կերպով հովանավորել  է Էրդողանի համախոհներին՝  վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 
 
«Ոչ ոքի չի մտահոգում երկաթագծի շինարարության ձգձգումը: Այստեղ պարզապես  փողեր են լվանում: Ասում էին, որ այստեղ, ինչպես Էրզրումում,  լոգիստիկ կենտրոն են ստեղծում: Բայց դա կեղծիք է, նույնիսկ հիմքը չեն կառուցել:  Իշխող կուսակցության ներկայացուցիչները զբաղված են միայն նրանով, ինչ հնարավորություն է տալիս իրենց իսկ մարդկանց հարստանալ պետության հաշվին»,- նշել է Օզջավան: 
 
«Հագըն.ազ»-ը հիշեցնում է, որ  ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում հայտնվել էր աղմկահարույց հաղորդագրություն այն մասին, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթագծի շինարարությունն այդ երկրի տարածքում դադարեցվել է կապալառու ընկերության՝ պլանավորված բոլոր աշխատանքները չկատարելու պատճառով: 
 
Նշենք, որ  ադրբեջանական ԶԼՄ-ներում բազմիցս  հայտնվել են նյութեր, որտեղ երկաթագծի շինարարության ձգձգման պատասխանատվությունը բարդում էին թուրքական և վրացական կողմի ուսերին: Դեռևս նոյեմբերին «Հագըն.ազ»-ը հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթային մայրուղու  թուրքական հատվածի շինարարության համար հայտարարված մրցույթը շահած թուրքական Özgün-Çelikler Yapı ընկերությունը ստանձնել էր նախագծի բոլոր աշխատանքները 110 մլն մանաթով կատարելու պարտավորություն: Սակայն,  հաշվի առնելով լրացուցիչ ծախսերը, նախագծի ընդհանուր արժեքը հասել էր ընդհուպ մինչև 165 մլն մանաթ:  Ընդ որում՝ շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն իրականացվել:
 
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ 2013 թվականին,  մասնագետները վստահեցնում էին, որ  երկաթուղու շահագործման հանձնելու ժամկետների պարբերաբար ձգձգումն  ավելի շատ քաղաքական, քան թե տեխնիկական դրդապատճառներ ունի:
 
Նյութեր թեմայի շուրջ՝
Placeholder
Թուրքիան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը երկար տարիներ ձգձգելու ճանապարհով փողեր է լվանում