Մատենադարանում պահվող 4600 ձեռագիր արդեն թվայնացվել է
Հարցազրույցներ
14:31 24/12/2014

Մատենադարանում պահվող 4600 ձեռագիր արդեն թվայնացվել է

Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ- Մատենադարանում պահվող 4600 ձեռագիր՝ ընդհանուր առմամբ 2,5 միլիոն էջ, արդեն թվայնացվել է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մատենադարանի բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով տնօրենի խորհրդական, ձեռագրերի թվայնացման աշխատանքների համակարգող Գուրգեն Գասպարյանը:

Միայն այս տարվա ընթացքում, ըստ նրա, թվայնացվել է 600 ձեռագիր. «Պլանային աշխատում ենք, այսինքն՝ ինչքան նախատեսում ենք, այնքան էլ թվայնացնում ենք»:

Նշենք, որ Մատենադարանում պահվող ձեռագրերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2007-2008 թթ.: Տարիների ընթացքում Մատենադարանը ձեռք է բերել թվայնացման համար նախատեսված նոր սարքեր:

«Այսօրվա մեր ունեցած տեխնիկական միջոցներով կանխատեսում ենք ձեռագրերի թվայնացումը կտևի տաս տարի, սակայն ժամանակի ընթացքում ձեռք ենք բերում նոր տեխնիկական միջոցներ, նաև աշխատող խումբն է մեծանում»,- ասաց Գ. Գասպարյանը:

Նա նշեց, որ առաջին հերթին թվայնացնում են հայերեն ձեռագրերը՝ ըստ գույքահամարների:

Նշենք, որ Մատենադարանում են պահվում ավելի քան 20.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ։

Դեռևս 2007 թվականի կեսերին Պիեռ Գյույումջյանի նվիրաբերած թվայնացման սարքով Մատենադարանում հիմք դրվեց հին ձեռագրերի թվայնացման աշխատանքներին: Դրան հաջորդեց Ավստրիայի «Վեստիջիա» ձեռագրերի հետազոտման կենտրոնի հետ Մատենադարանի կնքած համագործակցության պայմանագիրը, որի արդյունքում, որպես առաջին քայլ, Վեստիջիան Մատենադարանին տրամադրեց «Traveller TCCS 4232» մակնիշի մեկ (1) թվայնացման սարք: Այս երկու սարքերը հնարավորություն են տալիս լուծելու Մատենադարանի ձեռագրական հավաքածուների տվյալների շտեմարանի ստեղծման կարևորագույն խնդիրը, ինչը նոր տեխնոլոգիաների կիրառման հիմնաքարն է և միաժամանակ լուծում է ձեռագրերի պահպանության և անվտանգության բազմաթիվ խնդիրներ: Տվյալների շտեմարանի համակարգչային դասակարգման և կառավարման ծրագիրը ըստ Մատենադարանի ներկայացրած չափորոշիչների պատարաստվում է «ԱՎԻԱԻՆՖՈՏԵԼ» կազմակերպությունում:

Placeholder
Մատենադարանում պահվող 4600 ձեռագիր արդեն թվայնացվել է