Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտին. Տնտեսական խնդիրները կապված են նաև կառավարության թերի աշխատանքի հետ
Տնտեսության մեջ արձանագրված դժվարությունները կրում են ոչ միայն արտաքին գործոնների ազդեցությունը, այլ նաև պայմանավորված են կառավարության աշխատանքի թերացումներով: Անդրադառնալով Ռուսաստանի տնտեսական խնդիրներին` նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
«Դժվարությունները, որոնց մենք բախվում ենք, կրում են ոչ միայն արտաքին բնույթ և ոչ էլ միայն կապված են պատժամիջոցների ու սահմանափակումների հետ, որոնք պայմանավորված են միջազգային հարաբերությունների օբյեկտիվ կոնյուկտուրայով, այլ նաև կապված են մեր համատեղ աշխատանքում առկա թերացումների հետ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում»,- կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վ. Պուտինը:
Պուտինը նշել է, որ առկա իրավիճակը հասել է «պատմական մակարդակի», ուստի անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը` վերջինիս տալով ավելի նորարարական բնույթ: Ըստ Պուտինի` այս ուղղությամբ քայլեր իրականացվել են, բայց վերջին զարգացումները ցույց են տվել, որ դրանք բավարար չեն եղել:
Այդուհանդերձ Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին դժվարին օրերին միասնական աշխատան իրականացնելու համար և տեղեկացրել նրանց, որ երկարատև տոնական արձակուրդ չեն ունենալու: Պուտինի խոսքով` կառավարական գերատեսչությունները պետք է էլ ավելի կորդինացնեն իրենց համատեղ աշխատանքը և անցում կատարեն «ձեռքով կառավարման» մոդելին: Ըստ Ռուսաստանի նախագահի` դրանում որևէ արտառոց բան չկա, քանի որ երկրի համար այն ներկա պահին բացարձակ անհրաժեշտություն է:
Որպես կառավարության աշխատանքի հիմնական թիրախներ` Պուտինը նշել է ռուբլու փոխարժեքի կարգավորումը և սոցիալական ապահովության հարցերը: