Փոխարժեքի տատանումները կայունացել են, գներն էլ նվազել. Վաչե Գաբրիելյան
Տնտեսություն
11:50 25/12/2014

Փոխարժեքի տատանումները կայունացել են, գներն էլ նվազել. Վաչե Գաբրիելյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ներկայացնել ֆինանսական շուկայում իրականացրած մոնիթորինգի արդյունքները:

Վ. Գաբրիելյանը նշեց, որ փոխարժեքի տատանումները կայունացել են, գներն էլ նվազել. «Փոխարժեքի տատանումները կայունացել են, և այս պահին փոխանակման կետերում փոխարժեքի գնման և վաճառքի տարբերությունները կազմում են 3-5 դրամ, որը պատմական ստանդարտ չափի մեջ է»:

Նրա խոսքերով՝ դեկտեմբերի 16-17-ին հանրապետությունում փակ են եղել շուրջ 94 խանութներ, քանի որ կային սպասումներ: Այսօր արդեն բոլոր այդ խանութներն աշխատում են. «Բոլոր բաց խանութներում մի պահ կար, որ ապրանքները կային, բայց գնման գինը հստակ նշված չէր: Դա ևս վերացել է, բոլոր տեղերում այդ ապրանքները վաճառվում են հստակ գնով և տատանման ենթակա չեն: Մենք նաև ստացել ենք ՏՄՊՊՀ ամենօրյա դիտանցումները, որոնք կատարվել են մի շարք խանութներում: Տեղեկատվություն եղավ մամուլում, որ այդ գները ամբողջովին բնորոշ չէին իրականությանը: Այդ խոշոր խանութներում ևս դեկտեմբերի 17-ի եղած պիկից զգալիորեն իջել են և էլի ունեն կայունության միտում»:

Նա նաև տեղեկացրեց, որ կայունացման միտում են դրսևորել գազալցակայանների և այլ ոլորտների գները:

Փոխվարչապետը հայտնեց, որ աշխատանքային խումբը նաև գործողություններ է նախաձեռնել մի շարք այլ ուղղություններով: Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկը կներկայացնի հայեցակարգ փոխանակման կետերի կարգավորման վերաբերյալ, որպեսզի տատանումները հնարավորինս փոքր լինեն. «ՏՄՊՊՀ-ն կներկայացնի հնարավոր անելիքները, մասնավորապես՝ այն, թե ինչպիսին է լինելու իրենց անելիքները գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ»:

Նրա խոսքերով՝ այս կանոնակարգված աշխատանքի միջոցով խումբը կառավարությանն ու վարչապետին կներկայացնի ավելի երկարաժամկետ հատվածին ուղղված միջոցառումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ աշխատանքային խումբը պետք է ունենա երկու ծրագիր` կարճաժամկետ և երկարաժամկետ. «Ես կարծում եմ, որ պարբերաբար հասարակությանը պետք է տեղեկացնել գործընթացների մասին»:

Placeholder
Փոխարժեքի տատանումները կայունացել են, գներն էլ նվազել. Վաչե Գաբրիելյան