Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Հայաստանի տնտեսությունը կախված լինի միայն Ռուսաստանից, ապա տանուլ կտանք. Գագիկ Մակարյան
«Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում առկա փոփոխությունները, Ռուսաստանի տնտեսության վիճակը, կարող ենք ասել, որ դոլարի փոխարժեքը շարունակելու է բարձրանալ, իսկ ռուսական ռուբլին դեռևս մի քանի ամիս կգտնվի հոգեվարքի մեջ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքերով` ռուբլու շարունակվող արժեզրկումը և նավթի գների անկումը կշարունակվեն, որոնք էլ ավելի կխորացնեն Ռուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Ըստ Գ.Մակարյանի` պատժամիջոցների կիրառման պատճառով վերջին շրջանում Ռուսաստանում չեղյալ են հայտարարվել մի շարք ներդրումային ծրագրեր, բազմաթիվ խոշոր ընկերություններ իրենց բիզնեսը դուրս են բերում Ռուսաստանից, ուստի Հայաստանը չպետք է անընդհատ Ռուսաստանի «պոչը բռնի», կամ` միայն այդ երկրի տնտեսությունից կանխատեսի իր ապագա զարգացումը:
«Մենք չպետք է Ռուսաստանի էկոնոմիկայով պայմանավորենք մեր էկոնոմիկան: Հայաստանը պետք է ինքնուրույն ռազմավարություն մշակի, որպեսզի ներկայացված լինի ինչպես եվրոպական, այնպես էլ արաբական երկրների շուկաներում: Այստեղ պետությունը մեծ անելիքներ ունի»,- ասաց Գ.Մակարյանը:
Մինչդեռ, ըստ նրա, զարգացող երկրների ռազմավարություններում Հայաստանի հետ համագործակցությունը նշված չէ, իսկ դա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ Կառավարությունը պետք է այնպիսի ծրագրեր մշակի, որպեսզի աշխարհի խոշորագույն պետությունները, որոնք մեծ ներդրումներ են կատարում այլ երկրներում, նաև ուշադրություն դարձնեն Հայաստանին:
«Այսինքն` մենք պետք է խոշոր պետությունների ուշադրությունը մեզ վրա սևեռենք, պետք է ճկուն լինենք, և եթե կախված լինենք միայն Ռուսաստանից, ապա տանուլ կտանք, քանի որ հայտնի չէ, թե Ռուսաստանում տիրող վիճակը որքան կշարունակվի»,- նշեց Գ.Մակարյանը` հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա այլընտրանքային ուղիներ գտնել՝ դիմակայելու միջազգային փոփոխություններին:
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո նոր հորիզոնների բացմանը, Գ. Մակարյանը կարծում է, որ Հայաստանի համար միանգամից նոր հորիզոններ չեն բացվի, քանի որ Բելառուսը և Ղազախստանը մեր երկրի համար լուրջ գործընկերներ չեն: Ըստ նրա` երկու պետությունների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը քիչ տոկոս է կազմում. Բելառուսի հետ առևտուրը Հայաստանի արտաքին առևտրի կազմում 0,8 տոկոս է, իսկ Ղազախստանի հետ՝ 0,2 տոկոս:
«Մեզ համար ամենախոշոր առևտրային գործընկերը կրկին Ռուսաստանն է և տվյալ երկրի տնտեսությունն է լինելու թելադրողը: Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսական վիճակը երբեք չի կարելի անտեսել, սակայն, եթե Ռուսաստանը այս իրավիճակից դուրս չգա, ապա ԵՏՄ-ին անդամակցությունը ավելի շատ խնդիրներ կառաջացնի, քան` հնարավորություններ»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Նրա խոսքերով` տեղական ընկերությունների ղեկավարների հետ զրույցները ցույց են տալիս, որ մեր գործարարները դեռ չեն շտապում իրենց արտադրանքը ԵՏՄ երկրներ արտահանել, քանի որ մեծ մասը Ամանորի նախաշեմին լուրջ կորուստներ է կրել` կապված ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Այսօր տեղական ընկերությունների պահեստներում բավարար քանակությամբ ապրանքներ կան, բայց նրանք չեն շտապում դուրս գալ ԵՏՄ շուկաներ. «Այստեղ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, կոմպենսացիաներ տրամադրի արտահանողներին»:
Նա միաժամանակ նշեց, որ այսօր խնդիրը նաև նրանում է կայանում, որ Բելառուսի և Ղազախստանի տնտեսությունները դեռ լավ ուսումնասիրված չեն, ինչը արտահանման տեսանկյունից նույնպես լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Ես չեմ պատկերացնում եմ, թե օրինակ Ղազախստան ինչպես ենք մեր արտադրանքը արտահանելու: Մենք պետք է հստակ դասակարգված ունենանք, թե որ պետության տնտեսությունը ինչի կարիք ունի և մենք ինչ ուղղությամբ կարող ենք արտահանում իրականացնել: Պետական ինստիտուտները պետք է արդեն այդ քարտեզն արդեն ունենային, արտահանողների ներկայացնեին, թե տվյալ երկրների համար որ ոլորտներն են մեզ համար թիրախային»,- նշեց Գ.Մակարյանը: