Որոշում է կայացվել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին
Իրավունք
16:29 14/01/2015

Որոշում է կայացվել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաև՝ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նաև առերևույթ հանցանքը կատարելուց հետո ՌԴ զինծառայողի փախուստի ուղին, նրա հնարավոր թաքստոցները, ինչպես նաև՝ բռնվելու հանգամանքները:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկվում են քննչական և օպերատիվ- որոնողական միջոցառումներ՝ դեպքի մասին տեղեկություններ ունեցող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Placeholder
Որոշում է կայացվել՝ Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին