«Գործը ծամել, դրել էի բերանները, մնում էր կուլ տային». Վանաձորի բնակչուհին Գլխավոր դատախազության դիմաց է
Իրավունք
17:10 19/01/2015

«Գործը ծամել, դրել էի բերանները, մնում էր կուլ տային». Վանաձորի բնակչուհին Գլխավոր դատախազության դիմաց է

Վանաձորի բնակչուհի Փնջիկ Թերոյանն այսօր առավոտից ՀՀ գլխավոր դատախազության մոտ միայնակ բողոքի ակցիա է իրականացնում:

«Չորս տարի է պայքարում եմ հանցագործությունը բացահայտելու համար: Խարդախության զոհ են դարձել Վանաձորի տասնյակ քաղաքացիներ: Բոլորս տուժել ենք Արեն Աղաջանյանի խարդախ գործունեությունից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փնջիկ Թերոյանը:

Նա պատմեց, որ այդ անձնավորության առաջարկով ինքը գնել է 2 մեքենա (երկուսը միասին կազմել է 22 հազար ԱՄՆ դոլար), որպեսզի հետագայում վաճառեն, ավելացած գումարը բաժանեն:

«Մեքենաները գնեցի, երկու-երեք ամիս անց այն վաճառեց, սակայն ես ոչ մի գումար չեմ ստացել, նույնիսկ իմ ներդրած 22 հազար դոլարը: Մյուսների հետ էլ նմանատիպ գործարքներ է արել, կամ տուն, մեքենաներ է գրավի տակ դրել, ուղղակի պարտք է վերցրել ու չի վերադարձել»,- ասաց Վանաձորի բնակչուհին:

Փ. Թերոյանի խոսքով, երբ ինքը Ա. Աղաջանյանին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, վերջինս պատասխանել է՝ «ում ուզում ես դիմի, ոնց ուզում ես դիմի, ով ուզում է դիմի, ինձ ոչինչ չեն անելու»:

Նա ասաց, որ ինքը տվյալ անձնավորությանն արդեն 15 տարի է ճանաչում է, նույն թաղամասում են ապրել, մտերիմ է եղել ինչպես նրա, այնպես էլ ընտանիքի անդամների հետ: Քաղաքացուհու ներկայացմամբ, խարդախոթյունները կատարել է 2011-2012 թվականներին: 

Փ. Թերոյանը դիմել է ոստիկանություն. «Քննիչը գործը տարել են այլ ուղղությամբ, հանցակազմի բացակայության հիմքով կարճել է հարուցված քրեական գործի վարույթը: Գործը ծամել, դրել էի բերանները, մնում էր կուլ տային: Իմ ներկայացրած տեղեկատվությունը, փաստերը կեղծել են, արձանագրություն են կազմել, ընթերականեր են ներգրավել, որոնք ոստիկանությունում աշխատում են որպես հավաքարարներ: Իմ գրած բացատրությունները հաշվի չեն առել, պահանջել եմ, որ բերեն առերեսման, չեն կատարել: Այսինքն ինչպես ուզում են, այնպես էլ անում են: Խմբակային հանցագործություն է»:

Տուժած քաղաքացիները դիմել են դատարան:

«Մենք երկու անգամ դիմել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա երկու անգամ էլ մեր բողոքը բավարարել է, ուղարկել է հետ քննության, սակայն կառուսելի նման կրկնվել է նույնը, հետ է եկել նույն բովանդակությամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճել հարուցված քրեական գործի վարույթը: Այսօր առավոտյան ինձ մոտեցավ դատախազության աշխատակիցը, ասաց, որ դադարեցնեմ բողոքի ակցիաները, նոր են ստացել երրորդ բողոքը, տեսնեն ինչ ընթացք կունենա: Ես վաղը կրկին այստեղ եմ լինելու: Այստեղ եմ լինելու այնքան ժամանակ, մինչև գործին ընթացք տան»:

Փ. Թերոյանը համոզված է, որ եթե ամեն ինչ ըստ օրենքի լիներ, պատկան մարմիններն առաջնորդվեին օրենքի դրույթներով, հանցագործն արդեն կկրեր իր պատիժը:

Placeholder
«Գործը ծամել, դրել էի բերանները, մնում էր կուլ տային». Վանաձորի բնակչուհին Գլխավոր դատախազության դիմաց է