Քաղաքագետ. Հայաստանը տեսանելի ապագայում չունի ռուսական ռազմաբազային այլընտրանք
Քաղաքական
14:52 21/01/2015

Քաղաքագետ. Հայաստանը տեսանելի ապագայում չունի ռուսական ռազմաբազային այլընտրանք

Հայաստանը տեսանելի ապագայում չունի ռուսական ռազմաբազային, ՌԴ-ի փոխարեն երրորդ երկրների հետ ավելի նպաստավոր ռազմաքաղաքական հարաբերությունների այլընտրանք: Այս մասին անդրադառնալով Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից ընտանիքի սպանության համատեքստում հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Բանախոսի կարծիքով՝ եթե նույնիսկ լիներ տեսական այդպիսի այլընտրանք, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները սկզբունքորեն այլ բնույթ կունենային, քան կան այս պահին: Նա փաստեց, որ չկա որևէ այլ երկիր, որը ցանկություն կունենար ոչ միայն օգնություն տրամադրել Հայաստանին, այլև ռուսական ռազմակայանի փոխարեն սեփականը տեղադրել:

«Միակ տեսանելի այլընտրանքը, բնականաբար, կարող է լինել ՆԱՏՕ-ն, բայց պիտի հասկանանք, որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, որը Հայաստանի անվտանգության լուրջ խնդիրներից մեկն է հանդիսանում: Այդ առումով որևէ անվտանգային երաշխիք ՆԱՏՕ-ն մեզ, բնականաբար, չի տալիս»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է ռուսական ռազմակայանի գործունեությունը համապատասխանում Հայաստանի անվտանգության շահերին, փորձագետը նշեց, որ այն հայ-ռուսական բազմաշերտ ռազմավարական կոնստրուկցիայի մի մասն է: Նրա խոսքով՝ այդ ռազմակայանը մինչև 2010թ-ը գործունեություն էր ծավալում նախկին ԽՍՀՄ սահմանների շուրջ, այսինքն՝ Թուրքիայի և Իրանի դեմ, բայց 2010թ.-ից 5-րդ արձանագրությամբ այդ ռազմակայանի պատասխանատվությունը ծավալվում է նաև ՀՀ այլ սահմանների շուրջ:

«Կան երկակի ձևակերպումներ, որ կարող են մեկնաբանվել, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղում կամ հայ-ադրբեջանական պետական սահմանի վրա, ապա ռազմակայանը պետք է կատարի իր առաքելությունը, ապահովի ՀՀ անվտանգությունը: Եթե համեմատենք այն ռազմական պոտենցիալը, որ ունի ռազմաբազան, ապա հասկանալի է, որ Թուրքիայի զինված ուժերին դիմադրելու առումով այն բավական համեստ է, սակայն Հայաստան-Ադրբեջան-ԼՂ ռազմական բալանսում այն բավական լուրջ դեր է խաղում»,- ընդգծեց Ս. Մինասյանը:

Բացի այդ, ըստ քաղաքագետի, ռազմաբազայի նշանակությունը նրանում է, որ այն հանդիսանում է ամբողջ հայ-ռուսական ռազմաքաղաքական համակարգի մի մասը, որի մեջ մտնում է այն, որ Հայաստանը արտոնյալ գներով կամ անվճար ստանում է զենք-զինամթերք Ռուսաստանից, նաև որոշ տնտեսական խնդիրներ են կապված դրա հետ, օրինակ գազի արտոնյալ գները և այլն:

Placeholder
Քաղաքագետ. Հայաստանը տեսանելի ապագայում չունի ռուսական ռազմաբազային այլընտրանք