Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևանը հինգերորդն է աշխարհում (լուսանկարներ, տեսանյութ)
Տնտեսություն
15:36 27/01/2015

Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևանը հինգերորդն է աշխարհում (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան  Ռուտգերս համալսարանը ՄԱԿ-ի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել աշխարհի հարյուր քաղաքների քաղաքապետարանների պաշտոնական կայքերի գնահատման նպատակով: Հետազոտություններն արվել են ըստ քաղաքների բնակչության թվի և համացանցից օգտվող քաղաքացիների թվի համադրության: Այս մասին լրագրողներին տված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Մանուկյանի ներկայացրած տվյալներով՝ Ռոտգերսի կատարած հետազոտության արդյունքում քաղաքների էլեկտրոնային կառավարման տեսանկյունից ՀՀ մայրաքաղաք Երևանի քաղաքպետարանի պաշտոնական կայքը հայտնվել է հինգերորդ հորիզոնականում:

Ուսումնասիրվել են հիմնականում հինգ ուղղություններ` անվտանգություն, մատչելիություն, բովանդակություն, էլեկտրոնային ծառայություններ, սոցիալական ներգրավվածություն: Ըստ մատչելիության և օգտագործման հարմարավետության Երևանը հայտնվել է առաջին հորիզոնականում՝ իր հետևում թողնելով Բրատիսլավային, Սեուլին, Տորոնտոյին և Ցյուրիխին: 

Ռուտգերս համալսարանի պրոֆեսորները  նշել են, որ քաղաքների էլեկտրոնային կառավարումը բաղկացած է «թե թվային քաղաքապետարանից, թե թվային ժողովրդավարությունից»: Ըստ պրոֆեսորների՝ առաջին տասնյակում ընդգրկված քաղաքներն առանձնանում են հենց այդ հատկանիշներով:

Ընդ որում, 2009 թվականի համանուն հետազոտությունում Երևանն անգամ ներառված չի եղել, իսկ 2012 թվականին զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Այս առումով, պրոֆեսորների ուսումնասիրությունների գնահատմամբ, Երևանը էլեկտրոնային կառավարման տեսանկյունից աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից է:

 

 

Placeholder
Էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Երևանը հինգերորդն է աշխարհում (լուսանկարներ, տեսանյութ)