Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը
Քաղաքական
10:00 06/02/2015

Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը

Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

Placeholder
Նալբանդյանը՝ համանախագահներին. Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը