Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունն ակնկալում է, որ այս տարի զբոսաշրջության ոլորտում կարձանագրվի 10 տոկոսից ավելի աճ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակնկալում է, որ 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում կարձանագրվի 10 տոկոսից ավելի աճ: Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ներկայացնելով Զբոսաշրջության աջակցության ծառայությունների 2015 թվականի ծրագիրը, որի իրականացման համար ներդրվելու է 188 մլն դրամ:
Նրա խոսքերով` զբոսաշրջության զարգացմանն ուղղված միջոցառումներն ուղղվելու են զբոսաշրջային ծառայությունների դիվերսիֆիկացմանը, նրանց տեսականու ավելացմանը:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների թիրախավորումը, այսինքն` այս կամ այն տեսակի խթանումը շատ արագ և դինամիկ պրոցես է և ՀՀ-ում առաջանում են զբոսաշրջային նոր ուղղություններ: Ծրագիրն այս տարի առավել հատկանշական է, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված մեծածավալ միջոցառումներ են տեղի ունենալու: Այս առումով, զբոսաշրջային ընկերությունները և հյուրանոցային տնտեսություններն առավել ուշադիր պետք է լինեն: Նրանց աջակցության, որակավորման հարցում առավել կանոնակարգված և համակարգված աշխատանք է տարվելու»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը:
Նախարարը նաև հայտնեց, որ 2014 թվականին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Համեմատության համար ճշմարիտյանը նշեց, որ հարևան Վրաստանում աճը եղել է 7 տոկոս: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրում, ընդհանուր առմամբ, զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1 միլիոն 200 հազարը, միջազգային այցելությունների մասով նույնպես աճ է գրանցվել: