Զինծառայողները բարձրացված կենսաթոշակ կստանան հուլիսի 1-ից
Հասարակություն
10:26 13/02/2015

Զինծառայողները բարձրացված կենսաթոշակ կստանան հուլիսի 1-ից

Հայաստանում մի քանի ամսից՝ հուլիսի 1-ից, կենսաթոշակի գնացած զինվորական համակարգի նախկին աշխատակիցները կստանան բարձրացված կենսաթոշակ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ ցրելով մեծաթիվ քաղաքացիների շրջանում առաջացած այն թյուրըմբռնումը, թե զինվորականների կեսնաթոշակը պետք է բարձրանար հունվարի 1-ից, ինչը չի եղել:

Տիկին Գալստյանի խոսքով, շատ քաղաքացիներ են դիմում իրենց հարցով, թե ինչո՞ւ իրենք կենսաթոշակը բարձրացված չեն ստանում, մինչդեռ նախապես բազմիցս հայտարարվել է, որ զինվորականները բարձրացված կենսաթոշակ կստանան միայն հուլիսի 1-ից:

Սոցապնախարարության պաշտոնյան դժվարացավ բարձրացված կենսաթոշակի միջին չափ մատնանշել, նկատելով, որ բարձրացումը կատարվելու է ըստ նոր ընդունված օրենքի ու դրանից բխող կառավարության որոշումների:

Եթե նախկինում զինվորական կենսաթոշակը հաշվարկվում էր դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարից, ապա ըստ նոր կարգի, այսուհետ կհաշվարկվի զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար զինծառայողի անձնական գործակցից, զինվորական ծառայության ստաժի տարիներից:

Նշենք, որ բացի զինծառայողներից, աշխատավարձերի բարձրացում է սպասվում նաև պետական կառավարման համակարգում. 2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին» օրենքի ուժի մեջ մտնելու արդյունքում Հայաստանում զանգվածաբար կբարձրանան պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը, ինչը Հայաստանում տեղի չէր ունեցել 10 տարի շարունակ:

Placeholder
Զինծառայողները բարձրացված կենսաթոշակ կստանան հուլիսի 1-ից