Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սահմանադրական փոփոխություններով պարզ է, թե ինչ նպատակներ է հետապնդում իշխանությունը: Անցում միակուսակցական համակարգի, որը մենք թույլ չենք տա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք պատգամավորը հնարավոր է համարում հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելուն հաջորդի ՀՅԴ կոալիցիայի վերադարձը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Չեմ բացառում, ՀՅԴ վերջին քայլերը ցույց են տալիս, որ գնում են դեպի կոալիցիա»:
«Երեկվա հայտարարությունները ետ կանչելու մասին ծիծաղելի են: Սարգսյանն ամեն ինչ արեց, որ ստորագրվեին, որպեսզի կանխեր ցեղասպանության ճանաչումը: Ես չեմ ասում, թե դա նպատակային է արել, դա խոսում է նրա` քաղաքական գործչի կայացած չլինելու մասին: Նա թույլ տվեց, որ Էրդողանը կասկածի տակ դնի, նախևառաջ Թուրքիայի կողմից է եղել նախաստորագրման նախաձեռնությունը: Իսկ ինչ է մնում հիմա, եթե ոչ հետ կանչելը, հիմա ՀՀ ստորագրությունն առկա է դրանց տակ, և հայտնի չէ՝ կհանվեն դրանք, թե ոչ»,- կարծիք հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավորը:
Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Սարգսյանը կարծեցյալ հանցանքներ էր հանում Ծառուկյանի դեմ, հարց է առաջանում, մինչև հիմա ինչու էր լռում: Մինչև ամսի տասներկուսը ամեն ինչ նորմալ էր, հիմա՝ ո՞չ: Հայաստանում որևէ գործարար այսօր ապահովագրված չէ»:
Պատգամավորի խոսքերով՝ ժողովուրդն այսօր պատրաստ է փողոց դուրս գալ և պահանջել սոցիալական իրավիճակի բարելավում:
Անդրադառնալով բռնարարքների թեմային՝ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց. «Մենք այդ փորձը վաղուց ունեինք բռնարարքների, մենք ԲՀԿ կողքին ենք, վերջապես՝ փորձառու Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանց կողքին, մենք պարտավոր ենք հաղթել, որովհետև ժողովուրդն է ոտքի կանգնել»:
Լյուդմիլա Սարգսյանը խոսեց նաև ՀՀ 2-րդ նախագահի վերջին հարցազրույցի մասին. «Քոչարյանը ժամանակ առ ժամանակ տարբեր հարցերի շուրջ իր կարծիքն է հայտնում, որպես քաղաքացի և նախկին նախագահ իրավունք ունի խոսել ու կարծիք հայտնել: Ես Սարգսյան-Քոչարյան խաղը չեմ տեսնում: Կարծում եմ՝ մեր ժողովրդի մեջ ամեն մեկը փորձում է խելոք երևալ, մեր ազգում հարգի է այդպիսի կարծիքներ հայտնել, այսօր ամենասովորական քաղաքացին էլ քաղաքականացված է»: