ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Վերլուծություններ
11:00 19/02/2015

ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված

Մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված Արմավիրի մարզի հինգ համայնքներում՝ Արմավիր քաղաքում, Հայկավան, Հովտամեջ, Նալբանդյան, Նոր Արմավիր գյուղերում: Հենց սկզբից նկատենք, որ ոչ մի համայնքում կին չի առաջադրվել:

Հայկավանում նախապես առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել երեք քաղաքացի, այնուհետև անկուսակցական Մեխակ Ստեփանյանը հետ է վերցրել փաստաթղթերն ու հրաժարվել հետագա պայքարից:

Այս պահին գրանցված երկու թեկնածու կա՝ ՀՀԿ կողմից առաջադրված անկուսակցական Ռուբեն Ղազարյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արամ Մելքոնյանը: Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Մամիկոն Գևորգյանը չի առաջադրվել:

Հովտաշեն գյուղում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, երկու թեկնածու է գրանցված: ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է գործող գյուղապետ, Հանրապետական Արմեն Սարգսյանին: Նրա հետ կպայքարի անկուսակցական, ինքնաառաջադրված Հակոբ Ավագյանը:

Նալբանդյանում դաշնակցական թեկնածուն՝ Ամեն Շմավոնյանը հետ է վերցրել փաստաթղթերը: Պայքարը կշարունակվի երկու ՀՀԿ-ականների միջև՝ գործող գյուղապետ Գրիգոր Մկրտչյանի, ում առաջադրել է կուսակցությունը և Արգիշտի Հարությունյանի, ով ինքնաառաջադրվել է:

Նոր Արմավիրում ևս գյուղապետի պաշտոնի համար պայքարելու են երկու ՀՀԿ-ական, մի տարբերությամբ, այստեղ կուսակցության կողմից առաջադրված չկա: Հանրապետականներ Կարեն Գրիգորյանը (գործող գյուղապետն է) և Արթուր Ավետիսյանն ինքնաառաջադրված են:

Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու, բոլորն էլ՝ ինքնաառաջադրված: Նրանցից չորսը հանրապետական են, երկուսը՝ անկուսակցական:

Panorama.am-ն արդեն գրել է, որ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ցանկանում է չորրորդ անգամ ընտրվել: Ուշագրավ է, որ Հանրապետական թեկնածուներից մեկը քաղաքապետի տեղակալն է՝ Մելիք Բաղդասարյանը, մյուսը՝ Արմավիրի մարզպետի օգնականը՝ Նվեր Պետրոսյան, մյուսն էլ ՝ «Պարիտետ ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Մանուկ Սիմոնյանը: Անկուսակցական թեկնածուներն են Արտակ Գևորգյանն ու Էդվարդ Վարդումյանը:

Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Փետրվարի 18-ին լրացավ թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչև թեկնածուների գրանցումը առաջադրման փաստաթղթեր ներկայացրած 134 քաղաքացիներից 6-ը ներկայացրել էին դիմումներ` առաջադրման փաստաթղթերը հետ պահանջելու վերաբերյալ: Մնացած քաղաքացիների` որպես թեկնածու գրանցվելու դիմումները բավարարվել են, և որևէ գրանցում չի մերժվել:

Placeholder
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված