Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
11 տարի առաջ այս օրը Բուդապեշտում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացված անգլերենի ուսուցման կուրսերի ընթացքում, Ադրբեջանը ներկայացնող Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը մարդասպան Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Սակայն 2012թ-ին օգոստոսի 31-ին հունգարական կառավարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում շնորհեց մարդասպանին, ապա հերոսի կոչում տվեց: Դրան հետևեց նաև պաշտոնի ու կոչումի բարձրացումն ու վերջին 8 տարիներին չվճարված աշխատավարձի փոխանցումը:
Էքստրադիացիայի գործընթացին հետևեց Հայաստանի որոշումը` կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Հիշեցնենք, որ նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի նկատմամբ, որը կանխվել էր:
Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը պատմել է, որ փետրվարի 18-ի երեկոյան ինքը թեյել է, գնացել քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ որ մեկը վառել է լույսը: Մտածել է՝ Գուրգենն է, հետո լսելով խլացված ձայներ` շրջվել է ու տեսել ադրբեջանցուն՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ:
«Այդ ժամանակ ես հասկացա, ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել: Չորս բոլորը արյուն էր: Ես սկսեցի բղավել, որ ադրբեջանցին դադարեցնի գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ ձեռք չի տա: Նրա դեմքի արտահայտությունը ուրախ էր, կարծես թե կարևոր մի գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,-պատմել է հունգարացին:
Գ. Մարգարյանի սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, Ռամիլը նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային: Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել: Ադրբեջանցին արյունոտ կացինը ձեռքին մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Հ. Մակուչյանը մոտեցել է դռանը` բացելու այն: Բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, փրկում է հայ սպայի կյանքը: Նա կանգնեցնում է հայ սպային` մտածելով, որ Սաֆարովը կարող է զինված լինել: Կասկածները փարատելու համար նա զանգում է նույն միջանցքի սենյակներից մեկում ապրող իր հայրենկցին` որպեսզի ստուգի, թե ինչ է կատարվում: Մինչ այդ Սաֆարովը արյունոտ կացինը ձեռքին սկսում է խելակորույս մյուս սենյակներում փնտրել Հայկին, բոլորին ասում է, որ բացի հայի արյունից իրեն ոչինչ պետք չէ: Այդ ժամանակ մյուս լիտվացին ու ոստիկանության աշխատակիցները մոտենում են: Ոստիկանության աշխատակիցներին մարդասպան ադրբեջանցին ասում է, որ իր վրեժխնդրությունն ինչ-որ մեկի դեմ չէ, այլ ողջ հայ ազգի: