Դեսպանների կանայք հիացած և տպավորված են Կոմիտասի թանգարանով (լուսանկարներ)
Մշակույթ
14:57 24/02/2015

Դեսպանների կանայք հիացած և տպավորված են Կոմիտասի թանգարանով (լուսանկարներ)

Մեկ ամիս էլ չկա, ինչ Երևանում բացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Դեռևս շատերը չեն հասցրել լինել մշակույթի այդ օջախում, բայց ամեն օր թանգարանը հարյուրավոր այցելուներ է ունենում` դպրոցականներ, ուսանողներ, տարեցներ, օտարերկրացիներ: Այսօր թանգարան էին այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանայք:

Այցելությունը կազմակերպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կնոջ` Նատալիա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիան:

«Կոմիտասը համամարդկային, համաշխարհային մեծություն է: Այս այցելությամբ ցանկանում եմ, որ մեր դիվանագետների կանայք ավելի շատ իմանան Կոմիտասի մասին, ծանոթանան հայ հոգևոր երաժշտության հիմնադիր Կոմիտասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նատալիա Նալբանդյանը:

Նախքան Կոմիտասի թանգարան-ինստիտուտ մտնելը, նրանք Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ դրեցին Վարդապետի շիրիմին:

Թանգարանում շրջայց կատարելուց, ցուցանմուշներին, ներկայացված կտավներին ծանոթանալուց հետո ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի կինը` Ելենա Կուխտան ասաց. «Հպարտանում եմ հայ ազգով: Ստեղծել են հիանալի թանգարան: Կոմիտասն արժանի էր սրան: Կոմիտասը գրել է հիանալի երաժշտություն` ներկայացելով հայկական ազգային մշակույթը: Տպավորված եմ ամեն ինչով, դաշնամուրը, որի վրա նա նվագել է, ստեղծագործել է: Ամեն ինչ հիանալի է»:

Հայաստանում Չինաստանի դեսպանի խորհրդական Լուո Շիսյունն էլ կիսվեց իր տպավորություններով. «Եզակի օր է ինձ համար: Շատ բան իմացա Կոմիտասի կյանքի, ստեղծագործական գործունեության մասին: Նա մեծ անհատականություն է, հայ ազգի հպարտությունը, ոսկին: Իմացա նրա կյանքի հետ կապված պատմություններ, որոնք կապված են նաև նրա հայրենիքի` Հայաստանի հետ: Ինչպես է նա սիրել իր հայրենիքը, ինչպես է տառապել իր հայրենիքի համար»:

Չեխիայի դեսպան Պետր Միկիսկայի խոսքով, ամեն դիվանագետ, ով առաջին անգամ է գալիս Հայաստան, պետք է այցելի Կոմիտասի թանգարան. «Շատ բան կիմանա ոչ միայն Կոմիտասի, այլ Հայաստանի, հայ արվեստի մասին: Ուրախ եմ, որ իմ հետ այսօր նաև իմ որդին է այցելել թանգարան: Նա կոմպոզիտոր է, նրա համար հետաքրքիր է այստեղ ներկայացված ամեն մի ցուցանմուշ»:

Այցելության վերջում նրանք ըմբոշխնեցին կոմիտասյան երաժշտություն` ավելի ամբողջական պատկերացում կազմելով երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և դասատու Կոմիտասի մասին:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում էր ընդունել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվել էր Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվել է թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը: Թանգարանը բացվել է այս տարվա հունվարի 29-ին: 







Ողջ ֆոտոշարքն  այստեղ

Placeholder
Դեսպանների կանայք հիացած և տպավորված են Կոմիտասի թանգարանով (լուսանկարներ)