Ուշացած քա՞յլ. Ինչ հիվանդությունների դեպքում վարորդական վկայական չի տրամադրվելու
Հարցազրույցներ
11:25 25/02/2015

Ուշացած քա՞յլ. Ինչ հիվանդությունների դեպքում վարորդական վկայական չի տրամադրվելու

Հայաստանում վարորդական վկայական ստանալու համար առողջական վիճակի մասին բժշկական տեղեկանք չի պահանջվում. այսինքն գործնական ու տեսական քննությունը հանձնելիս քննություն վերցնողը կարող է նայել մարդու արտաքին տեսքին և որևէ թերություն տեսնելիս միայն նրա մոտ կարող է հարց առաջանալ՝ բավարարե՞լ, թե՞ ոչ: Իսկ եթե մարդն արտաքնապես երևացող ֆիզիկական թերություն չունի, ապա կարող է հեշտությամբ վարորդական վկայական ստանալ:

Հարցը, թե ինչո՞ւ մարդու առողջական վիճակը քննարկման առարկա չի դառնում վարորդական վկայական ձեռք բերելիս, առաջացավ օրերս, երբ իրավապահ մարմինները տեղեկացրին, որ Նորք Մարաշում ողբերգական վրաերթի հեղինակ վարորդը ունի էպիլեպսիա հիվանդություն և բացի այդ, սրտի հետ կապված խնդիրներ: Ղեկին նրա ինքնազգացողությունը վատացել է, գիտակցությունը կորել, ինչի հետևանքով մեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել մայթ և հարվածել այնտեղ զբոսնող մորն ու 8 ամսական զույգ երեխաներին: Փոքրիկները, ցավոք, մահացան, իսկ նրանց մայրը դեռ հիվանդանոցում է:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փաստում է՝ խնդիր կա, և այդ հարցը բաց է թողնված իրավասու մարմինների կողմից:

«Մենք բազմիցս առաջարկներ ենք ներկայացրել, բայց ոչ մի արձագանք», -հավելեց ՀԿ նախագահը:

Սակայն սառույցը, կարծես, տեղից շարժվում է, և նախորդ տարվա վերջին Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ վարորդական վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգի վերանայման նպատակով: Խմբին հանձնարարվել է ուսումնասիրությունների արդյունքում մշակել առաջարկություններ` տրանսպորտային միջոց վարելու պիտանիության վերաբերյալ պոլիկլինիկական բժշկական հաստատությունների կողմից եզրակացության համար ավելի լայն և հստակ շրջանակ ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ` հոգեբուժական և թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին ճանապարհային ոստիկանությանը տրամադրվող տեղեկատվության տրամադրման արդյունավետության վերաբերյալ:

Որոշման նախագծում, որի վրա աշխատում է աշխատանքային խումբը, տարբեր տեսակի հիվանդությունների ցանկ է նշված: Ըստ այդմ, տրանսպորտային միջոց արգելվում է վարել այն դեպքում, երբ անձն ունի օրգանական (ներառյալ սիմպտոմաթիկ) հոգեկան խանգարումներ, շիզոֆրենիա, շիզոտիպիկ և զառանցանքային խանգարումներ, տրամադրության խանգարումներ (աֆեկտիվ խանգարումներ), նյարդայնական և մարմնաձևային խանգարումներ` կապված, գերհույզի (սթրեսի) հետ անձի և վարքի խանգարումներ հասուն տարիքում, մտավոր հետամնացություն: Բացի այդ, նյարդային համակարգի հիվանդությունների, էպիլեպսիայի (ընկնավորություն), աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում ևս չի տրամադրվելու վարորդական վկայական:

Փաստորեն, եթե այս կարգը գործեր, ապա Նորք Մարաշում ողբերգական վրաերթ կատարած վարորդը ընդհանրապես մեքենա վարելու իրավունք չէր ունենա:

Կա նաև հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում, ըստ նախագծի, թույլատրվում է և մեխանիկական, և ավտոմատ փոխանցմամբ մեքենա վարել: Դրանք հիմնականում վերաբերում են արտաքնապես երևացող ֆիզիկական արատներին: Օրինակ, այդպիսիք են ոտնաթաթի ձևախախտում, շարժումների զգալի դժվարացումով, երկու ազդրերի անդամահատման ծայրատ, նստելու հնարավորությամբ ստորին վերջույթների կաթված և պարեզ, ստորին վերջույթի կամ ոտնաթաթի բացակայություն, դաստակի կամ ոտնաթաթի շարժումները զգալի դժվարացրած դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, մատների կամ ֆալանգների բացակայություն, ինչպես նաև միջֆալանգային հոդերի անշարժություն, ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն, աջ ձեռքի 2 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն, կամ առնվազն մեկ մատի ամբողջական անշարժություն, մեկ աչքի կուրություն և այլն:

Նախագծում նշվում է նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց պարագայում սահմանափակվում է մեքենա վարելը: Դրանք հիմնականում վերաբերում են տեսողության հետ կապված տարբեր խնդիրներին, ինչպես նաև ձեռքի բութ մատի 2 ֆալանգի բացակայություն, աջ ձեռքի 2 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական անշարժություն, ձախ ձեռքի 3 կամ ավելի մատների բացակայություն կամ անշարժություն կամ առնվազն մեկ մատի ամբողջական անշարժություն, 150 սմ-ից ցածր հասակ և այլն:

Այս նախագծի վրա աշխատող աշխատանքային խմբին տրված է եռամսյա ժամկետ՝ այն կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:

Էդուարդ Հովհաննիսյանը հույս ունի, որ կարգի հետևողական իրագործման պարագայում վիճակը կբարելավվի:

«Ես այս նախագծին հավանություն եմ տալիս, շատ լավ է գրված, հստակ գրված է, թե ինչ հիվանդության դեպքում չպետք է ղեկին նստել կամ սահմանափակել մեքենա վարելը», -նշեց հասարակական կազմակերպության ղեկավարը:

Placeholder
Ուշացած քա՞յլ. Ինչ հիվանդությունների դեպքում վարորդական վկայական չի տրամադրվելու