ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
Քաղաքական
10:40 25/02/2015

ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը

Այսօր մեկնարկում է մարտի 15-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը:

Այդ օրը տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան նվազում է գրանցված թեկնածունների թիվը, դրան զուգահեռ ավելանում ինքնաբացարկ հայտնածների թիվը:

Օրինակ, Արագածոտնի մարզի Ափնագյուղ, Լեռնապար, Արարատի մարզի Վարդաշեն, Շիրակի մարզի Հառիճ, Սարակապ գյուղերում գործող համայնքապետերը մնացել են առանց մրցակիցների: Արմավիր քաղաքում ՀՀԿ-ական չորս թեկնածուներից մեկը՝ Մանուկ Սիմոնյանը հրաժարվել է հետագա պայքարից:

Սյունիքում համայնքապետ ընտրելու են Լոր, Շուռնուխ, Կաղնուտ, Որոտան գյուղերում: Լորում գործող ՀՀԿ-ական գյուղապետը մնացել է առանց մրցակցի:

Շուռնուխում գրանցված երկու թեկնածու կա՝ գործող գյուղապետին առաջադրել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն էլ առաջադրել է ավագանու անդամ Գավրուշա Հակոբյանի թեկնածությունը: Մյուս թեկնածուն մինչ գրանցումը հետ է վերցրել փաստաթղթերը:

Կաղնուտում գործող գյուղապետն է՝ Արթուր Հովհաննիսյանը, նրա մրցակիցն անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը: Երկուսն էլ ինքնաառաջադրված են: Որոտանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող գյուղապետին՝ Սուրիկ Օհանջանյանին, գրանցված մյուս թեկնածուն անկուսակցական Արամայիս Բադալյանն է:

Տավուշում համայնքապետի ընտրություններ կանցկացվեն երկու գյուղում՝ Ակնաղբյուր և Ծաղկավան: Ակնաղբյուրում ՀՀԿ-ական գյուղապետի՝ Կարեն Դոլմազյանի միակ թեկնածուն իր կուսակից Արազ Միրզոյանն է: Երկուսն էլ ինքնաառաջադրված են:

Ծաղկավանում գործող ՀՀԿ-ական գյուղապետի դեմ պայքարում է նույն գյուղի դպրոցի ուսուցիչ, անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը: Այստեղ էլ ՀՀԿ-ն որևէ մեկին չի սատարում:

Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ

Placeholder
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը