Սյունիքում արոտավայրերն այսօր էլ պատրաստ են վարձակալության հանձնել
Հարցազրույցներ
10:07 03/03/2015

Սյունիքում արոտավայրերն այսօր էլ պատրաստ են վարձակալության հանձնել

Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասն այսօր չի օգտագործվում: Դրանք պատրաստ են հանձնել վարձակալության, սակայն Հայաստանի քաղաքացիներին, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանը Panorama.am-ի հետ զրույցում մարզի արոտավայրերը հարևան Իրանին վարձակալության տալու թեման անցած է համարում:

«Հինգ տարի արդեն անցել է»,-ասաց նա:

Հիշեցնենք, 2012-ի վերջին հայտնի դարձավ ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծի մասին, ըստ որի՝ սկզբնական շրջանում իրանական կողմը 5 տարի ժամկետով կվարձակալի Սյունիքի մարզի հողերը: Այդ համաձայնագիրը նախատեսում էր 100 հազար գլուխ անասուն տեղափոխել Սյունիքի արոտավայրեր: Սակայն սկզբնական շրջանում Սյունիքի արոտավայրերից 50 հազար հեկտար կվարձակալվեր և շուրջ 50 հազար գլուխ անասուն կտեղափոխվեր:

Հայ հասարակության կողմից նախագիծը, մեղմ ասած, հավանության չարժանացավ, համաձայնագիրն իրավական ուժ չստացավ, Իրանից անասուններ Սյունիքում արածելու չեկան:

Panorama.am-ին ավելի վաղ Ս. Թանգյանն ասել էր,  որ արոտավայրերն անջրդի էին:

Հիմա այլ բան է ասում. «Արոտավայրերն իրենց աղբյուրներն ու ջրերն ունեն, դրանք ջրելու խնդիր չունենք: Կան բնական աղբյուրներ»:

Այսօր արոտավայրերում արածում են մարզի բնակիչների անասունները, սակայն կան տարածքներ, որոնք չեն օգտագործվում: Թե ինչ մակերեսի մասին է խոսքը, Թանգյանը թվեր չհրապարակեց:

«Ովքեր ցանկություն կունենան, կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալել: Ցանկացած մարզից Հայաստանի քաղաքացի, յուրաքանչյուր ոք իրավունք ունի Հողային օրենսգրքի համապատասխան, վարձակալել»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան:

Թանգյանն ասաց, որ վերջին տարիներին Սյունիքում անասնագլխաքանակի աճ է գրանցել:

«Այս տարի մենակ 15 հազար գլուխ մանրի աճ ունենք, 3 հազար էլ՝ խոշորի: Յուրաքանչյուր տարի մենք անասնագլխաքանակի աճ ունենք: Մեր նպատակն է, ինչքան հնարավոր է աճ ունենանք, մեր արոտավայրերը լիարժեք օգտագործենք»,-ասաց նա:

Նախորդող հրապարակումներ՝
«10 հազար զինված էթնիկ ադրբեջանցիներ կհաստատվեն Սյունիքում». արոտավայրերի վարձակալությանն է անդրադարձել «The Moscow Times»-ը
Ա. Բաղդասարյան. Սյունիքի արոտավայրերի վարձակալությունը կհանգեցնի բնապահապանական խնդիրների
Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ. Մենք շահագրգռված ենք Հայաստանում ներդրումներ կատարել
Սյունիքի արոտավայրեր. «Հողերի վարձակալության հանձնելու կարգը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքով»
Սյունիքի արոտավայրերը «կարժանանան» իրանականի ճակատագրին. Մտահոգված է իրանահայ անասնաբույժը
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել

Placeholder
Սյունիքում արոտավայրերն այսօր էլ պատրաստ են վարձակալության հանձնել