Մարտի 8-ին ընդառաջ դրամահավաքի վերաբերյալ ԿԳՆ-ն բողոքներ չի ստացել
Համացանց
11:07 06/03/2015

Մարտի 8-ին ընդառաջ դրամահավաքի վերաբերյալ ԿԳՆ-ն բողոքներ չի ստացել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շրջաբերականից հետո որոշ դպրոցներում, Panorama.am-ի տեղեկություններով, մարտի 8-ին ընդառաջ ուսուցիչներին նվեր գնելու համար հավաքած գումարը հետ են վերադարձնում:

Panorama.am-ի հետ զրույցում ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց, որ կանանց տոնին ընդառաջ դրամահավաքության վերաբերյալ ահազանգեր դպրոցներից չեն ստացել:

Ն. Հովհաննիսյանի համոզմամբ, բողոքների բացակայությունը վկայում է այն մասին, որ դամահավաք չկա: Իսկ եթե կա էլ, ապա դա արվում է ծնողների նախաձեռնությամբ ու ցանկությամբ. «Համենայն դեպս ուսուցչի կողմից, դասղեկի կողմից, տնօրենի կողմից, որը նախկինում ինչ-որ ձևով կար, հիմա չկա: Եթե ինչ-որ բան էլ կա, ապա միայն ծնողների ցանկությամբ, դրանք տոմսեր են, ներկայացումներ, էքսկուրսիաներ, խնջույքներ»:

Դրամահավաքը դպրոցներում արգելվում է, իսկ ուսուցչին նվերներ անելը՝ ոչ:  Ն. Հովհաննիսյանի խոսքով, ուսուցիչներին անձնապես ամեն ինչ էլ կարելի է նվիրել:

«Ո՞վ կարող է ձեզ ասել, այսինչ մարդուն նվեր մի տվեք: Ուսուցչին դիտարկեք որպես մարդ, ձեզ հարազատ մարդ: Ես այսպես եմ կարծում: Ու եթե որևէ մեկը նվեր է անում, դա դրամահավաքություն չի»,-կարծիք հայտնեց ԿԳՆ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԿԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որպեսզի վերջիններս հանձնարարեն իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին` Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` դրամահավաքության դրսևորումները բացառելու համար: ՀՀ ԿԳՆ ենթակայության դպրոցների տնօրեններն արդեն ստացել են»:

Placeholder
Մարտի 8-ին ընդառաջ դրամահավաքի վերաբերյալ ԿԳՆ-ն բողոքներ չի ստացել