Ուկրաինացի ազգայնականը խոստովանել է The Guardian-ին Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմից մասնակցելու մասին
Վերլուծություններ
14:00 06/03/2015

Ուկրաինացի ազգայնականը խոստովանել է The Guardian-ին Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմից մասնակցելու մասին

Ուկրաինական կամավորական գումարտակներն ունեն դաժան ազգայնականների և խիստ աջակողմյան հայացքներ կրողների հեղինակություն: Դրանցից մեկի՝ «Այդար» գրոհային գումարտակի անդամները Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից մեղադրվել են մարդու իրավունքների խախտումների համար:

Նրանց շարքերում կան նաև կանայք: Նրանցից մեկը՝ «Մամա Տանյա» մականունով մի ուկրաինացի ազգայնական, ավելի վաղ ապրել է Ադրբեջանում և մասնակցել Արցախյան պատերազմին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Ինչպես նշվում է նյութում, նրա խոսքերով՝ 1990-ական թվականներին ամուսնու հետ ապրել է Ադրբեջանում և ծառայել որպես սանիտար հակամարտության գոտում: Արցախյան պատերազմի ժամանակ նա սովորել է բժշկական օգնություն ցուցաբերել և դուրս բերել վիրավորներին առաջնագծից: Այժմ «Մամա Տանյան» զբաղվում է նույն գործողությամբ Ուկրաինայում:

Հարկ է նշել, որ ուկրաինացի ազգայնականները բազմիցս խոստովանել են, թե Արցախում պայքարել են ադրբեջանական կողմից, և այլ վարձկանների հետ մեկտեղ՝ փորձել օգնություն ցուցաբերել Ադրբեջանին 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայում:

Այսպես, վերջերս Ուկրաինայի Վոլինսկի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ռոման Կուլիկը նույնպես խոստովանել է, որ ուկրաինացի տանկավարներն արդեն իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից և տանկային գնդի ազգայնացումից հետո մնացել են ծառայելու ադրբեջանական բանակում: Նրանք ոչ միայն կռվել են Ադրբեջանի համար, այլև սովերեցրել են նորակոչիկներին:

Հավելենք նաև, որ նախկին խորհրդային բանակի, աֆղանական մոջահեդների, չեչեն և ուկրաինացի գրոհայինների կազմից բաղկացած վարձկանների օգնությունը չփրկեց ադրբեջանական բանակին: Չնայած կենդանի ուժի և տեխնիկայի բազմակի առավելությանը և հազարավոր վարձկանների առկայությանը՝ ադրբեջանական բանակը ջախջախվեց և հետ շպրտվեց ելման դիրքեր:

Placeholder
Ուկրաինացի ազգայնականը խոստովանել է The Guardian-ին Արցախյան պատերազմում ադրբեջանական կողմից մասնակցելու մասին