Փարիզում բացվել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց նվիրված հուշակոթող
Մշակույթ
10:34 09/03/2015

Փարիզում բացվել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց նվիրված հուշակոթող

Ֆրանսահայ «Կապույտ խաչ» միության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում և Կանանց միջազգային օրվա առթիվ նախօրեին Փարիզի Երևանյան պուրակը համալրվել է հարյուր վարդենիներով` ի հիշատակ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ կանանց: Կոմիտասի արձանի հարևանությամբ տեղի է ունեցել հուշակոթողի բացման արարողություն, որը գլխավորել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Ֆրանսիայում ՀՀ դեպան Վիգեն Չիտեչյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Միջոցառմանը ներկա են եղել Փարիզի քաղաքային խորհրդի բազմաթիվ անդամներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, մշակութային ու լրատվական շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր ու փարիզեցիներ։

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել է Փարիզի, ինչպես նաև ողջ Ֆրանսիայի իշխանություններին` ծագումով հայ իրենց քաղաքացիների նախնիների հիշատակի հանդեպ ընդգծված հոգատար վերաբերմունքի և մշտական ուշադրության համար։

Ելույթներին հաջորդել է հուշաքարի հանդիսավոր բացումը, որի վրա գրված է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայուհիների, նրանց, ովքեր անհետ կորան, ինչպես և նրանց, ովքեր փրկվեցին և փոխանցեցին հիշողությունը»:

Placeholder
Փարիզում բացվել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ կանանց նվիրված հուշակոթող