Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին
Սպորտ
17:19 10/03/2015

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին

Այսօր գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը:

ՀԱՕԿ մամուլի գրասենյակից հայտնում են, թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո:

Այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է պահել նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին՝ նախորդ տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում:

Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է և համապատասխանաբար նաև կարևոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն: Խնդրի հանգամանալից քննարկումից հետո՝ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին:  6 մարզաձևերում հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ:

Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար:

Placeholder
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին