Եթե կա առաջարկ, ապա կա նաև պահանջարկ. Շաբոյանը՝ գնաճի մասին
Տնտեսություն
13:03 25/03/2015

Եթե կա առաջարկ, ապա կա նաև պահանջարկ. Շաբոյանը՝ գնաճի մասին

«Մեր քաղաքացիներն ամեն օր տեսնում են՝ ինչպես են հեզաճկուն քայլերով ավելանում առաջնային անհրաժեշտության մթերքների գները: Այս խնդրի հանգուցալուծումն ինչպես եք տեսնում», -այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ Շաբոյանը պատգամավորներին է ներկայացնում հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:

Պատասխանելով պատգամավորի հարցին, Շաբոյանը հայտարարեց, որ գնագոյացման խնդիրները գտնվում են հանձնաժողովի ուշադրության կենտրունում այնքանով, որքանով շուկայում կա կենտրոնացվածություն:

«Իսկ մնացած հարցերում մենք չենք կարող ազդեցություն ունենալ, դուք դա գիտեք: Ազատ շուկայական հարաբերություն է և, եթե կա առաջարկ, ապա կա նաև պահանջարկ», -հավելեց Շաբոյանը:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր շատ խանութներում «գնված ապրանքը չի վերադարձվում» գրությանը:

«Որպես օրինակ կարող եք տեսնել Աբովյան փողոցի բուտիկներում: Ի՞նչ է արվում, որ յուրաքանչյուր խանութպան օրենքը չհարմարացնի իրեն», հարցը ձևակերպեց Զոհրաբյանը:

Շաբոյանի պատասխանից պարզվեց, որ այս խնդիրը ևս իր ղեկավարած հանձնաժողովի իրավասության շրջանակներում չէ:

«Բայց ես խոստանում եմ այդ հարցում հետևողական լինել, և անգամ եթե այլ մարմինների դաշտում է խնդիրը, վեր հանել այն»,-հավելեց ՏՄՊՊՀ-ի նախագահը:

Placeholder
Եթե կա առաջարկ, ապա կա նաև պահանջարկ. Շաբոյանը՝ գնաճի մասին