Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով
Իրավունք
13:00 28/03/2015

Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատարանը չի բավարարել տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի խնդրանքը՝ իր կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը քննել վերաքննության կարգով և որոշել է բողոքի քննությունն իրականացնել վճռաբեկության կարգով: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ դատարանում առաջին նիստը նշանակված է ապրիլի 1-ին: Վերաքննիչ բողոք է ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:

Ն. Բաղդասարյանի ներկայացմամբ, այն դեպքում, երբ գործը քննվում է վերաքննության կարգով, եթե բողոքը ներկայացնողը հարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստի, նիստը պետք է հետաձգվի, իսկ վճռաբեկության կարգով քննելու դեպքում՝ նիստը չի հետաձգվի: Վերաքննության կարգով քննելիս՝ ապացույցներն են հետազոտվում, վճռաբեկության կարգով քննելու դեպքում՝ ոչ:

Ըստ նրա, վճռաբեկության կարգով քննելիս նույն վճռաբեկ դատարանի ընթացակարգն է գործում, այսինքն նիստի ընթացքում ներկայացվում է բողոքը, դատավորները կարող են հարցեր տալ կողմերին, այնուհետև հեռանալ խորհրդակցական սենյակ:

«Տուժողի ներկայացուցիչն իր բողոքով պահանջում էր երկարատև փորձաքննություն կատարել՝ պարզելու, թե ինչքան գումար է պետք Տաթևիկ Հակոբյանի բուժման համար: Իմաստ չուներ, քանի որ այդ հարցի պատասխանը ոչ թե դատական ընթացակարգով պետք է ստանային, այլ դիմեին Կարմիր խաչի հիվանդանոց, հետազոտվեր ու վաղուց արդեն պատասխանը կունենային, հատկապես որ գումարը վճարելու էր ոչ թե Վարդան Պետրոսյանը, այլ ապահովագրական ընկերությունը: Անիմաստ էին առաջարկվող ձգձգումները: Վերաքննիչ դատարանը հասկացել էր դա: Բողոքն ավելի շատ ուղղված էր նրան, որ ձգձգեին Վարդան Պետրոսյանի վերաբերյալ դատավարությունը, այլ ոչ թե կոնկրետ հարցի պատասխան տալ»,- ասաց Վ. Պետրոսյանի փաստաբանը:

Պատասխանելով հարցին, այսինքն հենց ապրիլի 1-ին վերաքննիչ դատարանը կհրապարակի՞ որոշումը, Ն. Բաղդասարյանն ասաց. «Չեմ կարող ասել, որովհետև մենք գործողություններ ունենք անելու ապրիլի 1-ին»:

Իսկ թե կոնկերտ ի՞նչ գործողություններ, փաստաբանը չցանկացավ նշել:

Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, եթե իհարկե, տուժող կողմը վճռաբեկ բողոք չներկայացնի, Վարդան Պետրոսյանի նկատմամբ կկիրառվի բաց ռեժիմով պատիժը, այսինքն իր պատիժը կկրի ազատության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:

Placeholder
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը կքննվի վճռաբեկության կարգով