ՔԱԳՎ. Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը
Իրավունք
11:15 31/03/2015

ՔԱԳՎ. Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը

Ֆրանսիայի Ալպերում A320-ի կործանումից հետո՝ այս օրերին մի քանի երկրներ քննարկում ու հայտարարում են ինքնաթիռի խցիկում երկրորդ անձի ներկայության պարտադիր լինելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման մասին:

ՔԱԳՎ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը, քանի որ այս պահին միջազգային թռիչքներ իրականացնող հայաստանյան ավիաընկերություն չկա:

«Ցանկացած դեպքում ԻԿԱՕ-ի որոշում պետք է լինի: Կան դեպքեր, երբ ավիաընկերությունը կամ երկիրն է որոշում, թե քանի օդաչու պետք է լինի խցիկում: Նման որոշումներն այդքան հեշտ չեն ընդունվում, երկար ժամանակ է պահանջվում»,-ասաց ՔԱԳՎ մամուլի քարտուղարը:

Այսօր հայտնի դարձավ, որ Մեքսիկայի տրանսպորտի նախարարությունը արգելել է օդաչուներին միայնակ մնալ խցիկում: Այս մասին գրել է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրես»-ին:

Նոր կանոնների համաձայն, եթե օդաչուն ստիպված է դուրս գալ խցիկից, ապա պետք այնտեղ լինի բորդ ուղեկցորդը, ով նախապես հատուկ նախապատրաստում է անցել:

«Սա թույլ կտա ամրապնդել անվտանգությունը, երկրորդ անձը կկարողանա օգնել օդաչուին ու պետք եղած դեպքում բացել խցիկի դուռը»,-մանրամասնել է Մեխիկոյի Քաղավիացիայի ներկայացուցիչը:

Մեքսիկայում նոր կանոններն ուժի մեջ են մտել անմիջապես, ընդ որում դրանք վերաբերում են ոչ միայն տեղական, այլև միջազգային թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին:

Ավելի վաղ օդաչուի խցիկում երկրորդ անձի ներկայության պարտադիր լինելու մասին որոշումներ արդեն ընդունվել են մի շարք ավիաընկերությունների ու երկրների ղեկավարությունների կողմից: Որոշ մասնագետների համոզմամբ, նման քննարկումներն ու որոշումները PR քայլեր են, որոնց նպատակն է կանխել տոմսերի վաճառքի ծավալների անկումը: Մասնագետները հիշեցնում են, որ այսօր նույն Եվրոպայում անձնակազմի ու ծախսերի լուրջ կրճատումներ են իրականացվում, նրանք գնում են ծախսերի կրճատման ճանապարհով, իսկ այս իրավիճակում մեկ օդաչու ավել պահելը լուրջ ծախսերի հետ է կապված:

Հիշեցնենք, որ Lufthansa ընկերության Germanwings դուստր ձեռնարկությանը պատկանող Բարսելոնայից Դյուսելդորֆ թռչող Airbus A-320 օդանավը կործանվել է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում: Աղետի հետևանքով 150 մարդ է զոհվել, որից վեցը՝ անձնակազմի անդամներ: Օդանավում հիմնականում եղել են Գերմանիայի ու Իսպանիայի քաղաքացիներ: Քննության վարկածով, որը հիմնված է սև արկղերից մեկի ձայնագրության վրա, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը անձնակազմի ղեկավարի դուրս գալուց հետո փակել է խցիկի դուռը, ապա միտումնավոր վայրէջք է կատարել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լյուբիցն առողջական խնդիրներ ուներ:

Նախորդող հրապարակումներ`
Դասեր ավիաաղետից. Ավիաընկերությունները նոր կանոններ են սահմանում

Placeholder
ՔԱԳՎ. Հայաստանը կսպասի ԻԿԱՕ-ի որոշմանը