Վալերի Կարպինը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու
Սպորտ
17:41 01/04/2015

Վալերի Կարպինը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու

 «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու է: Այս մասին հայտնում է sportbox.ru-ն` տեղեկացնելով, որ Կարպինը մոտ ժամանակներս կարող է փոխարինել պաշտոնանկ եղած շվեյցարացի Բեռնար Շալլանդին:

Հիշեցնենք, որ Շալլանդը հրաժարական է տվել Ալբանիայի ընտրանու հետ «Եվրո-2016»-ի հանդիպումից (1:2) հետո: Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային թիմը, 4 տուրում վաստակելով 1 միավոր, գործնականում զրկվել է հաջորդ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

46-ամյա Կարպինը, ով փետրվարին հեռացել է իսպանական «Մալյորկայից», օրերս ժամանել էր Երևան` մասնակցելու լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումներին: Հենց Երևանում էլ նա հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ:

Ռուս մասնագետի թեկնածության հարցում էական դեր է կատարել նաև այն, որ նա հաջող աշխատանքի փորձ ունի հայաստանյան ընտրանու առաջատար երկու ֆուտբոլիստների` Յուրա Մովսիսյանի ու Արաս Օզբիլիսի հետ, ովքեր հանդես են գալիս «Սպարտակում»:
Այն մասին` արդյոք Կարպինի առջև խնդիր կդրվի հաղթե՞լ մնացած 4 խաղում ու «Եվրո-2016»-ի ուղեգիր ապահովել, թե՞ նրա հետ պայմանագիր կստորագրվի «ԱԱ-2018»-ի հեռնակարով, դեռ չի հաղորդվում:

Placeholder
Վալերի Կարպինը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու