Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գլխավոր դատախազությունը պարզել է՝ ինչու են Հայաստանում մարդու դեմ ուղղված հանցագործություններն աճում
Մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2014 թվականին 200 դեպքով, այսինքն 4.2 տոկոսով աճել են. 2014-ին գրանցվել է 4,927 դեպք, իսկ 2013-ին՝ 4,727: Ընդ որում, աճել են սպանության՝ 2014-ին 53 դեպք, 2013թ-ին՝ 48, սպանության փորձի՝ 2014-ին` 28, 2013-ին՝ 25 դեպքերը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության ծրագրից, որը Ազգային ժողովում դրվել է շրջանառության մեջ:
Ըստ աղբյուրի, աճել են նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 2014թ-ին` 216 դեպք, 2013-ին` 186, բռնաբարության և բռնաբարության փորձի 2014-ին` 22 դեպք, իսկ 2013-ին` 19 և մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը. 2014-ին` 3,420, 2013-ին` 3,112:
Նույն ծրագրից տեղեկանում ենք նաև, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը միջին կամ թեթև վնաս պատճառելու դեպքերը՝ 2014-ին` 1,321, 2013-ին` 1,412 -), նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը. 2014-ին դրանք 97-ն էին, իսկ 2013-ին` 116-ը:
Միևնույն ժամանակ, մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում էական փոփոխություն չի արձանագրվել. 2014թ. բացահայտումը կազմել է 96%: 2014թ. ընթացքում գրանցվել է հանցագործության 17,546, ինչը 2013-ին 18,333 էր, այսինքն դեպքերը նվազել են 4.3%-ով: Բացահայտումը կազմել է 79.9%, 2013-ի 82.6%-ի համեմատ:
2013 թվականի համեմատած 2014-ին սպանության դեպքերն աճել են 5-ով. 2013-ին 48 դեպք էր, իսկ 2014-ին` 53, սպանության փորձի դեպքերը` 3-ով (2013թ.` 25 – 2014թ.` 28) կամ 12%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը` 30-ով (2013թ.` 186 – 2014թ.` 216) կամ 16,1%-ով:
2014-ի ընթացքում 12%-ով բարելավվել է գրանցված սպանությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 84.9% (2013թ.` 72.9%): Սպանության 53 (2013թ.` 48) դեպքից բացահայտվել է 45-ը (2013թ.` 35):
Նույն ժամանակահատվածում գրանցված սպանության փորձերի դեպքերի բացահայտման ցուցանիշը նվազել է 13,4%-ով՝ կազմելով 78,6%, մինչդեռ 2013-ին այդ ցուցանիշը կազմել է 92%: 2014թ. սպանության փորձի 28 (2013թ.` 25) դեպքից բացահայտվել է 22-ը (2013թ.` 23): Հաշվետու ժամանակահատվածում 91 դեպքով կամ 6,4%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը. 2013-ին 1,412 դեպք է եղել, իսկ 2014-ին՝ 1,321: Միաժամանակ, 30 դեպքով կամ 16.1%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը. 2013թ.` 186, իսկ 2014-ին` 216: Բացասական միտում է նկատվել նաև նշված հանցագործությունների բացահայտման գործում: 2014թ. բացահայտումը կազմել է 75%, իսկ 2013թ.` 83.9%:
Ուսումնասիրելով դիտավորյալ սպանության, սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը, Գլխավոր դատախազությունում պարզել են, որ դեպքերին հիմնականում նախորդում են հանցագործություն կատարած անձանց և տուժողների միջև ծագած վիճաբանությունները, դրանց վերաբերյալ պարզաբանումները, որոնք հաճախ կրում են շարունակական բնույթ:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքում պարզվել է նաև, որ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թվի աճը հիմնականում պայմանավորված է ինչպես իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված պրոֆիլակտիկ միջոցառումների անարդյունավետությամբ, այնպես էլ բնակչության անհանդուրժողականությամբ: Այդ բնույթի հանցագործությունների պատճառ են հանդիսանում, հիմնականում, կենցաղային հարցերը:
Ըստ Գլխավոր դատախազության, բավարար չեն նաև այդ բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված քննչական միջոցառումները, ինչպես նաև նախաքննության և հետաքննության մարմինների համագործակցությունը: