Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսագետ. Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը հնարավոր է վատ անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա
Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր վերացումը Հայաստանի տնտեսության վրա կունենա և բացասական, և դրական ազդեցություն: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:
Մասնագետը հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում Իրանը նավթ արտահանող խոշորագույն երկրներից մեկն էր:
Մինչև պատժամիջոցների կիրառումն այն համարվում էր երկրորդը, որից 21 երկիր նավթ էր արտահանում, պատժամիջոցներից հետո՝ 6 երկիր, իսկ արտահանման ծավալները 2.5 մլն բարելից նվազել էին մինչև 1մլն:
«Պատժամիջոցների վերացումից հետո նավթի շուկայում Իրանն աստիճանաբար կվերականգնի իր դիրքերը, դա իր հերթին կանդրադառնա նավթի գների վրա: Հաշվի առնելով վերջին մեկ տարում նավթի գների կտրուկ անկումը, որը ավելի շատ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանք է, չեմ բացառում, որ դա նույնպես կհանգեցնի նավթի գների ավելի մեծ անկմանը, քանի որ առաջարկն օրական մոտ 2մլն բարելով կգերազանցի պահանջարկին: Միջազգային փորձագետներն էլ արդեն կանխատեսումներ են արել, որ առաջիկայում նավթի գները կնվազեն 15-20 դոլարով: Իհարկե, սա տեղի կունենա ոչ անմիջապես, որովհետև նավթի շուկան բավականին լուրջ գործընթացների արդյունքում է ձևավորվում, մեկ-երկու տարի կպահանջվի»,-ասաց Մ. Առաքելյանը:
Տնտեսագետի խոսքով, նավթի գների նոր անկումը բացասաբար կազդի Ռուսաստանի տնտեսության վրա, ինչն էլ իր հերթին վատ է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:
«Այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտները նվազել են 2.5 անգամ, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում Հայաստանի ողջ տնտեսության վրա՝ աղքատության խորացում, եկամուտների նվազում, գնողունակության անկում»,-հնարավոր հետևանքերը թվարկեց Panorama.am-ի զրուցակիցը:
Նրա դիտարկմամբ, Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները ցավոք ավելի շատ մեզ վրա են ազդում, քան Ռուսաստանի, քանի որ այն ունենալով բավականին մեծ տնտեսություն, հնարավորություն ունի դիվերսիֆիկացնելու, ռիսկերը կառավարելու, սակայն Հայաստանի տնտեսության փոքր ծավալները թույլ չեն տալիս արագ արձագանքել այդ խնդիրներին:
Տնտեսագետի խոսքով, Հայաստանն այսօր ամբողջությամբ չի օգտագործում Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների զարգացման հնարավորությունների ողջ պոտենցիալը:
«Իրանի հետ գրեթե լուրջ տնտեսական հարաբերություններ չունենք, Վրաստանի հետ ունեցած հարաբերություններն էլ Հայաստանի՝ ԵՏՄ ու Վրաստանի՝ ԵՄ ուղղվածության հետևանքով, կարծում եմ, աստիճանաբար վատանալու են: Ինչ վերաբերում է հարևան երկրի նկատմամբ պատժամիջոցների վերացման դրական կողմերին, ապա տնտեսագետը նկատեց, որ իր ակնկալիքները մեծ չեն:
«Այս պահին մենք Իրանի հետ չունենք այնպիսի տնտեսական հարաբերություններ, որոնք պատժամիջոցների պատճառով դադարեցված են կամ արգելքների առաջ են կանգնած: Այսինքն այնպես չէ, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վատ են անդրադարձել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վրա»,-ասաց Մ. Առաքելյանն ու ավելացրեց, որ պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա Իրանի հետ ունենալ մեծ համագործակցություն էներգետիկ համակարգերի միջև:
Բանախոսը նկատեց, Իրանը էներգետիկ գործընկերոջ առումով Հայաստանի համար կարող է այլընտրանք հանդիսանալ Ռուսաստանին, սակայն հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, տնտեսագետն այնքան էլ մեծ սպասելիքներ չունի հայ-իրանական տնտեսական հարաբերությունների մեծ թափով զարգացման հնարավորությունից:
Հիշեցնենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իսլամական Հանրապետության ու «վեցյակի» միջև պատմական համաձայնությունը ձեռք էր բերվել ապրիլի 2-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Կողմերն առանցքային հարցերի շուրջ պայմանավորվել են և մինչև հունիսի 30-ը կպատրաստեն ու կստորագրեն պայմանագիրը:
Նախորդող հրապարակումներ՝
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»