Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները իսկական հումանիտար աղետի են բախվել. Նալբանդյանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին
«Մերձավոր Արևելքը հանդիսանում է բազմաթիվ քաղաքակրթությունների և կրոնների բնօրրան, այդ թվում և՝ քրիստոնեության: Ցավոք, այսօր այդ տարածաշրջանում տարբեր կրոնական և էթնիկ համայնքների գոյությունը լուրջ վտանգի տակ է»,-այս մասին «Միջազգային հարաբերություններ» հանդեսի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանն՝ ի պատասխան հարցին, թե՝ «Միջազգային հարաբերություններում անհանգիստ իրավիճակի նշանները քիչ չեն. մասնավորապես, բավական բարդ իրավիճակը Մերձավոր և Միջին Արևելքում, պատերազմը Սիրիայում, «Իսլամական պետության» գործոնը, Իրաքում առկա հակամարտությունները... Ինչպե՞ս է այս ամենը գնահատվում Ձեր երկրում, որն իր զբաղեցրած աշխարհագրական դիրքով տեղի ունեցող այս բոլոր իրադարձությունների թատերաբեմից այնքան էլ հեռու չի գտնվում»: Այս մասին հաղորդում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Մենք գործ ունենք քաղաքակիրթ աշխարհի դեմ ուղղված հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են այսպես կոչված «Իսլամական պետության», «Ալ-նուսրա ճակատ»-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից:
Մենք մեկ անգամ չէ, որ մեր խորին մտահոգությունն ենք արտահայտել Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի վերաբերյալ, կոչ ենք արել միջազգային հանրությանը վճռական քայլեր ձեռնարկել` ուղղված նոր աղետների կանխարգելմանը: Մենք անընդհատ ընդգծում ենք ահաբեկչական խմբավորումներին ցանկացած աջակցության անմիջապես դադարեցնելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ հարևան երկրների տարածքների օգտագործումը անդրսահմանային հարձակումներ իրականացնելու համար»,-ասել է նախարարը:
Արտաքին գերատեսչության նախարարն իր պատասխանում նշել է, որ Հայաստանը լիովին սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի իրագործումը. «Նախորդ տարվա մարտին Ալ-Քաիդայի հետ սերտորեն կապված ահաբեկչական խմբավորումները հարձակում գործեցին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող, գերազանցապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաքի վրա, որի արդյունքում տեղական բնակչությունը հարկադրված եղավ լքել հարազատ վայրերը: Ծայրահեղական խմբավորումները պղծեցին և ավերեցին Քեսաբի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը»:
Պատասխանն ամփոփելով՝ նա ավելացրել է. «Ցեղասպանության ժամանակ սիրիական Դեյր Զոր քաղաքը և նրա շրջակա անապատը դարձան հարյուր հազարավոր հայերի մահվան երթի վերջին հանգրվանը: Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքները ամփոփող սրբավայր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին ուխտատեղի էր։ Սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին այստեղ արդեն անհնար կլինի ոգեկոչել զոհերի հիշատակը, քանի որ նախորդ տարվա սեպտեմբերին ահաբեկչական խմբավորումները պայթեցրին եկեղեցին և պղծեցին սրբատեղին:
Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները իսկական հումանիտար աղետի են բախվել: Միայն Սիրիայից մենք ընդունել ենք ավելի քան 12 հազար հայերի, ովքեր հարկադրված էին լքել իրենց տներն ու հարազատ վայրերը:
Մենք կարծում ենք, որ սա հենց այն վտանգավոր իրավիճակներից է, որը պետք է դիտարկվի մարդկության դեմ ուղղված ոճրագործությունները կանխարգելելու միջազգային հանրության համատեղ ջանքերի շրջանակներում»:
Նախորդող հրապարակումներ՝
«Չի կարելի դաշնակից լինել ինչ-որ մի բնագավառում, իսկ այլ հարցերում այդպիսին չլինել». ԱԳ նախարար
«ԵՏՄ հիմքում ընկած չորս ազատությունները խթան կհանդիսանան մեր պետության տնտեսության զարգացման համար»
Համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ցուցաբերում են փոխադարձ պատրաստակամություն. Նալբանդյան