«Ամենահամովը Տանձատափի լոբին ա». Գյուղապետի հպարտությունը
Տնտեսություն
16:12 06/04/2015

«Ամենահամովը Տանձատափի լոբին ա». Գյուղապետի հպարտությունը

Սյունիքի մարզի Տանձատափ գյուղում կյանքը եռում է, ասում է գյուղապետը ու թվարկում, որ գարնան գալստյան հետ մեկտեղ գյուղացիները սկսել են խաղողի վազերի էտը, սոխ, կարտոֆիլ ու լոբի են ցանել: Գյուղապետ Ռոբերտ Մուշեղյանը հպարտանալու առայժմ մեկ առիթ ունի. «Էն, որ ասում են Գորիսի լոբին համով ա է, չէ, ամենահամովը Տանձատափի լոբին ա: Իրականում էդպես ա, մեր հողից ու արևից ա երևի, շատ համով լոբի ա աճում: Ախպորս տղայի հարսնացուն Վրաստանից էր, դե վրացիք լոբի ուտող են չէ՞, եկել էին, մեր լոբին կերան, ասին, թե չափից դուրս համով լոբի ա»:

Տանձատափում, որը Գորիսից 43 կմ հեռավորության վրա է գտնվում, հաշվառված բնակիչների թիվը 97-ն է, բայց նրանցից երկու տասնյակի չափ բացակայում են գյուղից՝ Կապան, Երևան աշխատելու, ապրելու համար գնացել են: Այս պահին գյուղի 26 տունն է բնակեցված, մինչդեռ, գյուղապետի խոսքով, 42 տուն է կառուցված:

«Ժամանակի ընթացքում գյուղից արտագաղթ եղել է, բայց վերջին մի քանի տարիների ընթացքում չի եղել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնում է Մուշեղյանը:

Գյուղի ընտանիքներից շուրջ տասը երիտասարդներ են, մնացածը՝ տարեցներ:

«Մեր ջահելները 30-40 տարեկաններ են, զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ, կա որ գյուղապետարանում են աշխատում, դպրոցում», -նշում է գյուղի ղեկավարը:

Գյուղի հիմնական դպրոց, որը վերանորոգվել է վերջերս, հաճախում է 10 աշակերտ: 

Գյուղում, ասում է նա, աշխատանքի խնդիր չի լինի, քանի որ շուտով հիդրոէլեկտրակայան է կառուցվելու:

«Երևանաբնակ տաթևացի մի տղա մեր գյուղում ՀԷԿ ա կառուցում, մի վեց-յոթ հոգու աշխատատեղ կապահովվի», -ասում է Մուշեղյանը:

Մեր դիտարկմանը, թե համայնքների խոշորացման արդյունքում, բացի գյուղապետարանի մյուս  աշխատողներից հենց ինքը՝ գյուղապետը, գործազուրկ կարող է լինել, Մուշեղյանը ժպտալով արձագանքեց. «Ամեն դեպքում համայնքը պետք է ներկայացուցիչ ունենա, գուցե ես դա լինեմ, չգիտեմ: Սկի որ չլնի, կգնամ էդ ՀԷԿ-ում կաշխատեմ, անգործ չենք մնա»:

Գյուղապետը գյուղի առաջնային խնդիրներից համարում է գյուղտեխնիկայի պակասը ու գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը:

«Ուրիշ խնդիր այսպահին չունենք», -ասում է նա:

Այս շարքից.
Քաշունի. գյուղ, որտեղ մահանում են, բայց չեն ծնվում
Գյուղում բարեր, ռեստորաններ չկան, որ ջահելները մնան. Օխտարի գյուղապետը՝ արտագաղթած երիտասարդների մասին

Placeholder
«Ամենահամովը Տանձատափի լոբին ա». Գյուղապետի հպարտությունը