Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միությունը» ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից
Իրավունք
12:05 09/04/2015

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միությունը» ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միության» (ԺԻՄ-ÇHD) իզմիրյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար:

Ermenihaber.am-ը, հղում տալով թուրքական «demokrathaber.net» կայքին, հայտնում է, որ ապրիլի 9-ին Իզմիրի փաստաբանների պալատի ծրագրած «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողովը բողոքի ալիք է բարձրացրել Իզմիրի իրավաբանների շրջանում:

Ի պատասխան պետական ժխտողական քաղաքականությունը որդեգրած փաստաբանների պալատի նշյալ նախաձեռնությանը` Իզմիրի ԺԻՄ-ը հրապարակել է մի հայտարարություն, որով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Իզմիրի փաստաբանների պալատը 2015թ. մարտի 9-ին «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողով է կազմակերպում: Իրավաբանական կազմակերպության կողմից մարդկության դեմ իրականացված այնպիսի հանցագործության թեմայով, ինչպիսին ցեղասպանությանն է, պաշտոնական գաղափարախոսության տարածումն ու ազգայնամոլության թույնի գովազդումը մեզ հարկադրեցին հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Սրանից հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ «տեղահանություն» անվան տակ իրականացված գործողությունը ցեղասպանություն էր: Որպես Իզմիրի փաստաբաններ՝ մենք թույլ չենք տա, որպեսզի քողարկվի կամ մոռացվի հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Մենք հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում այն փաստաբանների պալատի անունից, որի անդամն ենք»:

Placeholder
Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միությունը» ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից