Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում
Քաղաքական
16:57 10/04/2015

Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում

Մարաղա. Այդ գյուղի անունը զուգորդվում է ջարդերի հետ, որոնց մասին հաղորդագրություններն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում` չնայած նվազագույնը 45 հայի դաժան սպանության փաստին: Այս մասին, ինչպես հայտնում է Karabakhrecords.info  կայքը, գրել են բարոնուհի Քերոլայն Քոքսն ու Ջոն Էյնբերը «Էթնիկ զտումները գործողության մեջ. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է» գրքում (Ethnic Cleansing in Progress: War in Nagorno Karabakh).

Ինչպես ասվում է նյութում, տվյալ գրքում պատմվում է, որ 1992 թվականի ապրիլին Միջազգային Քրիստոնեկան Սոլիդարության պատվիրակության` Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում հաղորդագրություն ստացվեց, որ հյուսիսում` Մարտակերտի շրջանում, տեղակայված Մարաղա գյուղն ապրիլի 10-ին թալանվել ու ավերվել է ադրբեջանցիների կողմից, սպանվել են մեծ թվով քաղաքացիական անձինք: Այնտեղ ապացույցների հայթայթման նպատակով ուղևորված խումբը կենդանի է հայտնաբերել որոշ բնակիչների, որոնք ցայտնոտի մեջ էին. նրանց հրդեհված տները դեռ ծխում էին, գետնին նկատելի էին մարդկային դիերի մնացորդների ածխացած մասերն ու ոսկորները` հենց այն վայրում, որտեղ մարդկանց գլուխները սղոցել էին և հարազատների աչքի առջև այրել նրանց մարմինները:

Ըստ գրքի` Մարաղայում նվազագույնը 45 հայեր էին գազանաբար սպանվել, 100-ն էլ անհետ կորել էին. հավանաբար, նրանց ճակատագիրը մահվանից առավել սարսափելի է եղել: Կատարվածում համոզվելու նպատակով պատվիրակությունը խնդրել է գյուղացիներին արդեն հուղարկավորված դիերի էքսգումացիա կատարել: Խորը ցավով հանդերձ` նրանք համաձայնել են` հնարավորություն տալով լուսանկարել գլխատված ու այրված դիերը: Ավելի ուշ, երբ պատվիրակությունը խնդրել է նրանց պատմել ողբերգության մասին, նրանք ասել են, որ չեն ուզում խոսել. «մենք` հայերս, երբեք չենք կարողացել պատմել մեր տառապանքների մասին»:

Ինչպես ասվում է նյութում, գրքի հեղինակները կարևոր են համարում սույն դեպքերի արձանագրումը և հենց այնպես, ինչպես դա պատմել են տեղի հայերն անձամբ, և թե ինչպես է դա ներկայացվել միջազգային մամուլում, քանի որ միջազգային հանրության կարծիքը ձևավորվում է գերազանցապես ԶԼՄ-ների միջոցով:

Մարաղայի դեպքերը բացարձակապես չեն լուսաբանվել միջազգային մամուլում: Որպես հետևանք` միջազգային հանրության աչքերում Լեռնային Ղարաբաղի հայերի զինված ուժերի գործողությունները շատ ավելի դաժան են ընկալվել, քան ադրբեջանցիներինը, մինչդեռ փաստերը լիովին հակառակ պատկերն են ներկայացնում, գրում են հեղինակները:

Նշենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ջանքերով Մարաղայի ցեղասպանության մասին ճշմարտությունն ավելի հայտնի ու շրջանառվող դարձավ: Ստեղծվեց «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» անվամբ վավերագրական ֆիլմը, ականատեսների վկայությունները, լուսանկարներն ու այդ սարսափելի օրն արված տեսագրությունները հավաքվեցին և հրապարակվեցին տարբեր կայքերում  , հիմնվեց ու գործում է Maragha.org  կայքը:

Նյութեր թեմայի շուրջ`
Մարաղա. Ադրբեջանցի զինվորների կողմից հայկական գյուղի բնակիչների դեմ իրականացրած բարբարոսական ջարդերի 21-րդ տարելիցն է
«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
 

Placeholder
Քերոլայն Քոքս. Մարաղայում հայերի ջարդերի մասին նյութերն այդպես էլ տեղ չգտան միջազգային մամուլի առաջին էջերում