Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը
Մշակույթ
11:30 13/04/2015

Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը

Ապրիլի 13-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացնի Ազգային գրադարանային շաբաթը: Այն այս տարի կիրականացվի «Պահպանիր և հիշիր» խորագրի ներքո:

Հայաստանի գրադարանային ասոցիացիայի կողմից ավանդաբար անցկացվող մշակութային-մասնագիտական շաբաթի նպատակն է գրադարանային խնդիրների բարձրաձայնումն ու դրանց արդյունավետ և համալիր լուծումների որոնումը, ինչպես նաև գրադարանների, գրքի, ընթերցանության և գիտելիքի դերի կարևորումն ու դրանց նկատմամբ հետաքրքրության խթանումը:

Ծրագիրը միաժամանակ նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու գրադարանային ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրներին, արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից: 

Միջոցառման ամենամյա կազմակերպումն ակնկալում է գրադարանների միջև սերտ, արդյունավետ համագործակցություն, գրքի և տեղեկատվական ոլորտի աշխատակիցների ակտիվ ներգրավվածություն գրադարանային գործում, գրադարան-հանրություն կապի ամրապնդում և շարունակաբար գրադարաններ հաճախելու մշակույթի ձևավորում: Թիրախային խմբերն են` գրադարանային-տեղեկատվական և մատենագիտական ոլորտի աշխատակիցներ, մտավորականներ, տարբեր տարիքի ընթերցողներ:

Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հանրապետության բոլոր գրադարաններում: Միջոցառմանն առանձին ծրագրերով կմասնակցեն հանրապետության մարզային, համայնքային, մասնագիտական, ինչպես նաև բուհական գրադարանները՝ անկախ գերատեսչական պատկանելությունից:

Միջոցառման շրջանակում գրադարաններում կանցկացվեն հոբելյանական հանդիսություններ, քննարկումներ, հանդիպումներ, ցերեկույթներ, մասնագիտական շրջայցեր դեպի հայաստանյան գրադարաններ:

Placeholder
Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը