«Երկիր, ուր ուզում ես վերադառնալ». ՌԲԿ-ն հատուկ ռեպորտաժներով անդրադարձել է Հայաստանին (Տեսանյութեր)
Վերլուծություններ
11:18 16/04/2015

«Երկիր, ուր ուզում ես վերադառնալ». ՌԲԿ-ն հատուկ ռեպորտաժներով անդրադարձել է Հայաստանին (Տեսանյութեր)

Ռուսական բիզնես ալիքը երեք հատուկ ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով հայաստանյան տուրիզմի առանձնահատկությունները, ռուսական շուկա արտահանման հնարավորությունները, ԵՏՄ անդամակցության արդյունքները, «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի աշխատանքներն ու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները:

Ռուսական ալիքի նկարահանող խումբը եղել է Ծաղկաձորում, Ջերմուկում, դրանք ներկայացնելով որպես ալտերնատիվ ուղիներ ռուս ճամփորդողների համար:

Լրագրողը համեմատում է Ծաղկաձորում, Սոչիում, Շվեյցարիայում հանգստի պայմանները, նկատում, որ հայաստանյան այս քաղաքում հանգիստն առավելի մատչելի է, այստեղ հանգստանալու գալիս են Եվրոպայից, Իրանից, Ռուսաստանից, ինչպես նաև Հայաստանի այլ բնակավայրերից:

Ազգությամբ չեխ տուրիստը ռեպորտաժում նշում է, թե Չեխիայում, թե Ավստրիայում գներն անհամեմատ բարձր են, եվրոպական որևէ երկրում նման գնով ցածրորակ ծառայություններ են մատուցում:

«Ծաղկաձորը գնի ու որակի լավ համադրություն է»,-ընդգծում է եվրոպացի զբոսաշրջիկը:

Գիշերվա կեսին քաղաք հասած ռուս զբոսաշրջիկին՝ Վալենտինա Պավլենկոյին էլ հիացրել է հայկական հյուրասիրությունը, թե ինչպես ուշ ժամին բացեցին փակ ռեստորանի դռներն ու սիրով համաձայնեցին նրանց կերակրել:

Նկարահանող խմբի տուրիստական հաջորդ հանգրվանը Ջերմուկ քաղաքն է, որը հայտնի է իր հանքային ջրերով: Լրագրողն անդրադառնում է աղբյուրներից մեկից հոսող ջրի բուժիչ հատկություններին, նշում, որ այն լավ է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների համար, ապա վրա բերում, որ ինքը նման խնդիրներ չունի, ուստի կարող է խմել ասենք +45 աստիճան տաքություն ունեցող ջուրը:

«Կարծես սոդա ավելացրած լինեն»,-ջուրը փորձելուց հետո կարծիք է հայտնում լրագրողը:

«Արմենիա» առողջարանի բժիշկը մանրամասն ներկայացնում է հանքային ջրերի բաղադրությունն ու նշում դրանց օգտակար հատկությունները:

«Ճիշտ չէ, որ Հայաստանում լողափային հանգիստ չկա: Այստեղ նույնիսկ իրենց ծովն ունեն, տեղաբնակներն հենց այդպես էլ ասում են՝ այսօր գնանք ծով»,-նկատում է Սևանա լիճ այցելած լրագրողը:

Գեղարքունիքի Նորադուս համայնքում գտնվող խաչքարերի աշխարհի ամենամեծ հավաքածուն էլ դուրս չի մնացել նկարահանող խմբի ուշադրությունից: 

Լրագրողն այցելել է նաև Արարատի կոնյակի գործարան, գաղտնիքներ ներկայացրել հայկական կոնյակի յուրահատուկ համի ստացման մասին:

«Երկիր, ուր ուզում ես վերադառնալ»,-այսպես է եզրափակում ռեպորտաժը լրագրողը:

ՌԲԿ-ի մյուս երկու ռեպորտաժներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ

Placeholder
«Երկիր, ուր ուզում ես վերադառնալ». ՌԲԿ-ն հատուկ ռեպորտաժներով անդրադարձել է Հայաստանին (Տեսանյութեր)