Ամերիկայի ձայն. Թուրքիայի լոբբինգի արդյունքում Օբաման հրաժարվում է օգտագործել Ցեղասպանություն եզրույթը
Քաղաքական
12:40 22/04/2015

Ամերիկայի ձայն. Թուրքիայի լոբբինգի արդյունքում Օբաման հրաժարվում է օգտագործել Ցեղասպանություն եզրույթը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Ցեղասպանություն բառի հնարավոր օգտագործումը Անկարայում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, իսկ թուրք պաշտոնյաներն էլ նախազգուշացնում են, որ քաղաքական և ռազմական բնույթի պատասխան քայլեր կձեռնարկվեն, եթե այդուհանդերձ հնչեցվի Ցեղասպանություն եզրույթը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը:

Գործակալությունը նկատում է, որ թուրքական կողմի մտահոգությունները փարատելու համար ԱՄՆ է գործուղվել Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, ով պետք է հանդիպումներ ունենա Ջոն Քերիի հետ և այդ կերպ փորձի հասնել Օբամայի կողմից իր ամենամյա ապրիլ 24-յան ուղերձում Ցեղասպանություն եզրույթի կիրառման բացառմանը:

«Անկարան շեշտակիորեն մտահոգված է, որ կարող է իր դաշնակիցների շրջանում հայերի կոտորածները որպես Ցեղասպանություն ճանաչելու ալիք բարձրանալ: Հետևելով Հռոմի պապի հայտարարությանը, եվրոպական խորհրդարանի բանաձևին, և հիմա էլ կարծես Գերմանիայի կողմից է նման բանաձև սպասվում, այս ամենը մտահոգության բավական հիմքեր են ստեղծում, որպեսզի Վաշինգթոն գործուղվի Թուրքիայի արտգործնախարարը»,- գործակալությունը մեջբերում է թուրքական «Թարաֆ» թերթի քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզի խոսքը:

Գործակալության փոխանցմամբ` ըստ մեկնաբանի` Անկարայի մտահոգությունների գլխավոր առիթն այն է, որ Ցեղասպանություն եզրույթի միջազգային ճանաչմանը կարող է հետևել Թուրքիայի դեմ հարուցվող հարյուրավոր դատական հայցեր:

«Նրանք Ցեղասպանություն եզրույթը դիտարկում են որպես իրավական կատեգորիա, հետևաբար, եթե այն միջազգային լայն ճանաչում ձեռք բերի, Հայաստանն ու հայությունը այն կօգտագործեն միջազգային դատարանում` դատական հայցեր հարուցելով Թուրքիայի դեմ»,- գործակալության հետ զրույցում ասել է Սեմիհ Իդիզը:

Շարունակելով թուրքական կողմի մտահոգությունների մասին անդրադարձը, գործակալությունը հղում անելով թուրք պաշտոնյաներին, գրում է, որ նրանք որպես Օբամայի կողմից Ցեղասպանությունը կիրառելուն ուղղված հակաքայլ, նույնիսկ դիտարկել են Թուրքիայում ամերիկյան ռազմաբազայի գոյության հարցը, ինչը, ըստ գործակալության, պետք է, որ Վաշինգթոնին մտածելու տեղիք տար` հաշվի առնելով ԱՄՆ-ի համար Սիրիայի և Իրաքի հարցում այդ ռազմաբազայի նշանակությունը:

Այդուհանդերձ, հղում անելով փորձագիտական գնահատականներին և մեջբերելով թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարի խոսքը, գործակալությունը դիտարկում է անում, որ նկատվում է Հայոց ցեղասպանության միջազգայի ճանաչման միտում:

Նկատենք, որ այսօր արդեն պարզ դարձավ, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մըքդոնոուն և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հաստատել են հայ համայնքի ներկայացուցիչներին, որ նախագահ Օբաման որոշել է չճանաչել Հայոց Ցեղասպանությունը Հարյուրամյակի տարելիցի կապակցությամբ ապրիլքսանչորսյան իր ուղերձում:

Placeholder
Ամերիկայի ձայն. Թուրքիայի լոբբինգի արդյունքում Օբաման հրաժարվում է օգտագործել Ցեղասպանություն եզրույթը