«Հայոց ցեղասպանության թանգարանում ես ապրեցի երբևէ կյանքիս մեջ ունեցած ամենահուզիչ, ալեկոծող զգացմունքները». Քրոնոսը` Հայաստանում
Մշակույթ
16:38 28/04/2015

«Հայոց ցեղասպանության թանգարանում ես ապրեցի երբևէ կյանքիս մեջ ունեցած ամենահուզիչ, ալեկոծող զգացմունքները». Քրոնոսը` Հայաստանում

«Հայոց ցեղասպանության թանգարանում ես ապրեցի երբևէ կյանքիս մեջ ունեցած ամենահուզիչ, ալեկոծող զգացմունքները: Այնքան նրբազգաց ձևով է հիշատակվում կրուստը, որ խորապես ազդված եմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքն այսպես սկսեց լեգենդար «Քրոնոս» լարային քառյակի հիմնադիր, առաջին ջութակ Դեյվիդ Հարինգթոնը:

Նախքան ասուլիսը, խմբի անդամները եղել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարան-ինստիտուտում: Նշենք, որ ապրիլի 29-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում լարային քառյակը ելույթ է ունենալու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների շրջանակում:

«Քրոնոսը» նոր գործ է պատվիրել հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Մարի Կույոմջյանին, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա երևանյան համերգի ժամանակ:

«Զգացված և հուզված եմ, մեծ պատասխանատվություն եմ զգում, որ իմ ստեղծագործությունն առաջին անգամ հնչելու է հենց Հայաստանում: Երբեք չեմ մտածել, որ նման հնարավորություն կունենամ»,- ասաց ասուլիսին ներկա Մարի Կույոմջյանը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ «Քրոնոսը» աջակցում է երիտասարդ, մինչև 30 տարեկան կոմպոզիտորների:

«Ընտրել են Մարի Կույոմջյանին որպես տաղանդավոր կոմպոզիտոր, հետո իմանալով որ հայ է, հենց նրան են պատվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր ստեղծագործություն գրել, որն էլ կատարելու են վաղվա համերգի ընթացքում»,- ասաց նա:

Ս. Հովհաննիսյանի խոսքով, դեռ չեն լսել այդ ստեղծագործությունը, սակայն եթե «Քրոնոսը» այն կատարելու է, արդեն վկայում է բարձրարժեք լինելու մասին, քանի որ՝ «Քրոնոսը» կարող է պատվիրել ու հետո չնվազել»:

Նշենք, որ սա լարային քառյակի երկրորդ այցն է Հայաստան «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում:

Փառատոնի նախագահ և կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հիշեց. «2004 թվականին լինելով դեռ չորսամյա փառատոն, հանդգնեցին «Քրոնոսին» հրավիրել Հայաստան: Մոտ չորս անգամ ի պատասխան մեր հրավերի կամ մերժում էին, կամ չէին պատասխանում, կամ էլ ասում էին, որ այս աշխարհագրական տարածք չեն գալու: Հետո համոզվեցին ու նշանակվեց համերգի օրը:  Այդ ժամանակվա Հայաստանում ԱՄՆ դեսպանն ինձ հետ խոսեց, ասաց, որ ինքը չի հավատում, անլուրջ հայտարարություններ ենք անում, անհնար է, որ «Քրոնոսը» գա Հայաստան: Նա ասաց, որ չի իմանում՝ ինչքան է հոնորարը, բայց եթե խումբը գա, հոնորարի կեսը տալու է: Եվ տվեց: Նա համոզված էր, որ քառյակը չի գալու Հայաստան, դրա համար նման խոստում տվեց»:

Նա նաև նշեց, որ «Քրոնոսի» համերգն իրենց համար ուրախություն է, արդեն՝ ոչ զարմանք, քանի որ փառատոնն իր 16 տարիների ընթացքում կարողացել է Հայաստան բերել աշխարհահռչակ արվեստագետների, ինչպես նաև փառատոնն արդեն աշխարհի լավագույններից մեկն է:

«Մեծ արվեստի հետ փշումը տոն է ցանակացած երկրի, բեմի համար, ոչ թե զարմանք»,- ասաց Ս. Ռոստոմյանը:

Ս. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում այս տարվա ընթացքում լինելու է նաև երևանյան պրեմիերա. «Կարծում ենք՝ հունիսին այստեղ կլինի նաև մաեստրո Պենդերեցիկին: Նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ստեղծագործություն է գրել, որի պրեմիերան կայանալու է Նյու Յորքում «Հովեր» երգչախմբի կատարմամբ: Հունիսին կլինի նաև երևանյան պրեմիերան»:

Սեպտեմբերին, փառատոնի շրջանակում, ըստ Ս. Հովհաննիսյանի, Հայաստանում ելույթ է ունենալու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Նախորդող հրապարակում՝ 

Համաշխարհային պրեմիերա` «Քրոնոս» լեգենդար քառյակի երևանյան համերգի ժամանակ

Placeholder
«Հայոց ցեղասպանության թանգարանում ես ապրեցի երբևէ կյանքիս մեջ ունեցած ամենահուզիչ, ալեկոծող զգացմունքները». Քրոնոսը` Հայաստանում