Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուս իրավապաշտպան. «Օղակ» գործողության օգնությամբ Ադրբեջանի իշխանությունները փորձում էին մաքրել Ղարաբաղը հայերից
Ռուս գրող Ինեսա Բուրկովան այն քիչ թվով իրավապաշտպաններից է, ում շնորհիվ «Օղակ» գործողության ընթացքում ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից արտաքսված Արցախի հայկական գյուղերի ողբերգության մասին իրականությունը ներթափանցել է տեղեկատվական շրջափակումից դուրս և հասել միջազգային հանրությանը: Karabakhrecords.info կայքը հրապարակել է իրավապաշտպանի հարցազրույցը:
- Ինեսա Եմելյանովա, խնդրում եմ, հիշեք, իրադարձություններն այդ օրերին…
- 1991 թվականի ապրիլի վերջին ինձ հաջողվեց լինել Շահումյանում: Ես արդեն գիտեի, որ այդտեղ ինչ-որ բան է կատարվում: Բայց այդ ժամանակ մեր մտքով անգամ չէր կարող անցնել, որ խորհրդային բանակը կարող է կրակել խորհրդային քաղաքացիների վրա: Ամեն ինչ սկսվեց ապրիլի 30-ին: Շատ լավ եմ հիշում Գետաշենից ռադիոկայանով հնչող կին-ռադիստի ձայնը. «Փրկե՛ք: Մեզ վրա կրակում են, կրակում են կանանց, երեխաների, ծերերի վրա, կրակում են օդից, զենքերից»: Հետո նա հաղորդեց, որ տանկեր են մտնում գյուղ: Այդ ամենը ես անհապաղ փոխանցեցի «Ազատություն ռադիոկայանին»:
Հետո Շահումյանում սկսեցին հայտնվել փախստականներ Գետաշենից: Ես խոսել եմ նրանցից շատերի հետ: Ավելի ուշ, արդեն Երևանում ես խոսել եմ նաև նախկին գերիների հետ, որոնց գերեվարել էին Գետաշենում: Ես հիշեցի հատկապես հայր և որդի Չիլինգարյաններին: Հայրը Հայրենական մեծ պատերազմի մասնակից էր և պատերազմի ժամանակ կորցրել էր ոտքը: Նրանք պատմեցին, որ երբ ադրբեջանցիները նրանց գերի էին վերցրել և կապել, արդեն իսկ ճանապարհին՝ ավտոբուսի մեջ, սկսել էին ծեծել: Դժվար է նման բան պատկերացնել, բայց տարեց հաշմանդամին ծեծել էին հենց իր անթացուպերով, իր աչքի առջև նվաստացրել և տանջել էին որդուն՝ ծխախոտները հանգցնելով նրա մարմնի վրա, նետել էին հատակին, և մի քանի մարդ միաժամանակ ցատկել էր նրա վրա, ծեծել և ծաղրել: Իսկ հետո մազերից բռնած բարձրացրել էին և հեռացրել նրա գլխամաշկը. և այդ ամենը՝ հոր աչքերի առջև…
Ադրբեջանական ՕՄՕՆ-ն այդ օրերին սարսափելի ուժով վայրագություններ էր իրեն թույլ տալիս: Նրանք անձնագրային վարչակարգերի ստուգման և իբր թե գրոհայիններ փնտրելու պատրվակով ներխուժում էին տները: Իրականում նրանց ոչ մի անձնագիր չէր հետաքրքրում. նրանք պարզապես թալանում էին, գողանում անասունների ամբողջ նախիրը, խաղաղ բնակչության նկատմամբ իրենց պահում վայրենիների, ելուզակների պես` մինչև իսկ բռնաբարելով կանանց իրենց իսկ ամուսինների աչքի առջև: Բնականաբար այդ ամենը փոխադարձ ատելություն էր առաջացնում. ստեղծվում էին ֆիդայական խմբեր, որոնք պաշտպանում էին գյուղերը, ընդ որում՝ բավականին արիաբար:
Ինչպես պատմում էին փախստականները, Գետաշենի բնակիչներին սկզբում չէին թույլատրում նույնիսկ գյուղերից դուրս գալ. նրանց պարզապես ոչնչացնում էին: Բայց հետո ի վերջո տեղափոխում էի ուղղաթիռներով: Մոսկվայից հայ ղեկավարների բոլոր դիմումներին պատասխանում էին, թե իբր հայ գրոհայինների չեզոքացում է տեղի ունենում: Ինձ հաջողվեց տեսնել նրանց. նրանք ոչ մի գրոհայիններ էլ չէին, նրանք՝ իրենց կանանց, երեխաներին և ծերերին պաշտպանող մարդիկ էին՝ անպաշտպան խաղաղ բնակչությանը փրկող իսկական տղամարդիկ:
Բոլոր այդ օրերի ընթացքում, նստելով Շահումյանում, դիմումներ ու նամակներ էի գրում տարբեր հասցեներով: Եվ դա արեց իր գործը. Համենայն դեպս, Գետաշենի հարևան երեք փոքր՝ Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերից, նրանք ի վերջո բնակիչների համար միջանցք էին թողել, ովքեր, լքելով իրենց հարազատ տները, ոտքով, լեռներով, անդունդներով, երեխաները ձեռքներին և ծերերի հետ հասել էին Ստեփանակերտ:
- Ի վերջո Գորբաչովը, հավանաբար, նաև այս գործողության համար է Նոբելյան մրցանակ ստացել… Չէ որ առանց Մոսկվայի համաձայնության և օժանդակության Բաքվում դժվար թե նման որոշում ընդունվեր:
-Բնականաբար, այս ամենին «համաձայնություն» է տվել ոչ այլ ոք, քան «պերեստրոյկայի ճարտարապետ» Միխայիլ Գորբաչովը: Առանց նրա համաձայնության ոչինչ էլ չէր լինի՝ ո՛չ «Սումգայիթ», ո՛չ «Բաքու», ո՛չ էլ այլ արյունահեղ իրադարձություններ: Արտաքսման սխեման փորձարկվել էր Աֆղանստանում և բացարձակ ճշգրտությամբ՝ մեկ առ մեկ իրականացվել Ղարաբաղում: Գյուղը սկզբում շրջապատել են, հետո բոլոր կողմերից լցրել են կրակներով՝ գնդացիներից, զենքերից, օդից, այնուհետև այդտեղ են ներխուժել ադրբեջանական ՕՄՕՆ-ցիները և հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները: Նրանք սպանել են ծերերին անկողիններում, բռնաբարել և սպանել կանանց, ծեծել, բռնաբարել և սպանել են նույնիսկ երեխաներին, թալանել և տարել են ամենը, ինչ հնարավոր էր գողանալ: Այդ ամենը կազմակերպված բնույթ էր կրում. այսպիսով, հավանաբար, որոշվում էր ազգային հարցը:
Անհրաժեշտ է հիշել նաև տեղեկատվական շրջափակման մասին. Գորբաչովի հայտարարած հրապարակայնությունը միայն Ղարաբաղին չէր վերաբերում. այդտեղ պարզապես պատ էր: Հնարավոր չէր ոչ մի բան տպագրել քո տեսածներից: Բայց չէ՞ որ դա ամբողջ ազգի նկատմամբ կազմակերպված եղեռն էր. նրանք պատրաստվում էին այդ ձևով պատմական հայկական գյուղերից վտարել բոլոր հայերին: Եվ այդ ամենն արվում էր ամենասարսափելի եղանակներով. ճիշտ այնպես, ինչպես թուրքերն արեցին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության ընթացքում:
-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի նպատակ էր հետապնդում Ադրբեջանի ղեկավարությունը՝ իրականացնելով «Օղակ» գործողությունը:
-Նրանք փորձում էին այդ հողը մաքրել հայերից: Ժամանակին նրանք զավթել էին այդ հողերը, բայց խորհրդային իշխանությունների օրոք անհրաժեշտ էր կեղծել ազգերի միջև բարեկամությունը, սակայն, պետք է ասել՝ մարդիկ իսկապես բարեկամություն էին անում: Եվ եթե չլիներ վերևից կարգադրություն, հնարավոր է, որ նրանք կշարունակեին կողք կողքի ապրել: Բայց դրա փոխարեն մի մասը վերածվեց կենդանիների, մյուսները՝ անգթորեն վտարվածների:
Հիշեցնենք, որ 1991-ի գարնան-ամռան ամիսներին «Օղակ» գործողության ընթացքում Արցախի շուրջ 30 հայկական գյուղերի բնակիչներ ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերի կողմից ենթարկվել են ահաբեկչական գործողությունների, բռնությունների և արտաքսվել հայրենի հողերից: