Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը
Քաղաքական
12:10 02/05/2015

Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին ներկա էր 600-ից ավելի մասնակից ավելի քան 50 երկրից - գիտնականներ, փորձագետներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ և այլոք:

Panorama.am-ը հարցազրույցների շարք է անցկացրել արտասահմանցի հյուրերի հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց Եվրախորհրդարանի իտալացի անդամ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ, ում ներկայացրած խումբը առաջադրել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևը Եվրախորհրդարանում:

Խոսելով Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման գործընթացի մասին` Մասիմո Կաստալդոն ասաց, որ նրանք մեծ պայքար են մղել Եվրոպական խորհրդարանի ներսում, որպեսզի այս կարևոր բանաձևն ընդունվի և դա արվի հենց այս խորհրդանշական օրերին:

Բանաձևի տեքստը, որում ներառվել էին հղումներ Ֆրանցիսկոս պապի ելույթից, ընդունվել է խորհրդարանի ձայների մեծամասնությամբ, ինչը, Կաստալդոյի կարծիքով, ցույց է տալիս, որ եվրոպացիներն ընդհանուր առմամբ հաստատակամ են ցեղասպանությունը դատապարտող իրենց դիրքորոշումներում:

Եվրախորհրդարանի պատգամավորը նաև հույս հայտնեց, որ թուրքական կառավարությունը կօգտվի այս պատմական առիթից և կփոխի իր ժխտողական քաղաքականությունը:

Նրա կարծիքով, բանաձևը նաև պետք է խթանի ազգային կառավարությունների կողմից (թե՛ Եվրոպայում և թե՛ Եվրոպայից դուրս) նմանատիպ որոշումների ընդունումը, ինչպես նաև ժխտողականության պատժումը, քանի որ այն հանդիսանում է ցեղասպանության վերջին քայլ:

«Մենք ոչ մի պարագայում չենք կարող զոհաբերել մարդու իրավունքները և դրանց համաշխարհային ճանաչումը հոգօուտ կոմերցիոն շահերի: Հակառակ դեպքում մենք կժխտենք այն արժեքները, որոնց հիման վրա կառուցվել է ԵՄ-ն», - ընդգծեց նա` հավելելով, որ այդ բանաձևի ընդունումն իրենց պարտքն էր: 

Իտալացի պատգամավորը միևնույն ժամանակ իր հիասթափությունը հայտնեց Իտալիայի կառավարության պահվածքից, քանի որ այն հանդես չեկավ հստակ պաշտոնական դիրքորոշմամբ ցեղասպանության հարցում, ինչը չի արտահայտում իտալացի ժողովրդի կարծիքը, ով շատ մոտ է իրեն զգում հայ ժողովրդին:

Հարցազրույցը` Նվարդ Չալիկյանի

Նույն շարքից`
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` Հայոց ցեղասպանության բանաձևի մասին

Placeholder
Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը