Մանկապարտեզներին փչացած միս մատակարարած երիտասարդը ընդունել է մեղքը և սպասում է դատավճռին
Մեկնաբանություններ
10:12 02/05/2015

Մանկապարտեզներին փչացած միս մատակարարած երիտասարդը ընդունել է մեղքը և սպասում է դատավճռին

Երևանի երեք մանկապարտեզներին փչացած միս մատակարարած 29-ամյա Էդվարդ Մխիթարյանը օրերս տեղի ունեցած դատական նիստում ընդունել է մեղքը, միջնորդել արագացված դատաքննություն անցկացնել և այժմ սպասում է դատավճռին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մխիթարյանի փաստաբան Սեյրան Գրիգորյանը:

«Նա ամբողջովին ընդունել է մեղքը, զգացել, որ սխալ է եղել»,-փոխանցեց փաստաբանը:

Գրիգորյանն ասաց, որ առաջին դատական նիստում իրենք միջնորդել են դատաքննությունն անցկացնել արագացված ընթացակարգով, և մեղադրող դատախազը ժամանակ է խնդրել ներկայացնելու մեղադրական ճառը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 11-ին:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ մեղադրական եզրակացության համաձայն, Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հաղթելով Երևանի քազաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով:

Այդ մսից 2014-ին մեղադրյալը մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին: Արդյունքում մանկապարտեզները 98750 դրամով գնել են կառավարության համապատասխան որոշման (Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին թիվ 1560-Ն որոշում) պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս: Բարեբախտաբար, երեխաները չէին հասցրել ուտել մատակարարված մսից, և քաղաքային իշխանությունները իրավապահների հետ միասին հավաքել էին միսը մանկապարտեզներից:

Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 212- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝(սպառողներին խաբելը խոշոր չափերով): Նույն օրենսգրքով, այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Մխիթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Հարակից հրապարակումներ՝
Երևանյան մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու գործը դատարանում է
Ոչ պիտանի հավի միս է մատակարարվել Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին (Տեսանյութ)
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից

Placeholder
Մանկապարտեզներին փչացած միս մատակարարած երիտասարդը ընդունել է մեղքը և սպասում է դատավճռին